2024թ. հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած վեբինարը համախմբել էր երկու երկրների սոցիալ-հումանիտար ոլորտի գիտնականների, որպեսզի քննարկեն տեղաբնիկ լեզուների և մշակութային ժառանգության պահպանության նպատակով դրանց թվայնացման արդի խնդիրները:
Բացման խոսքում Հնդկաստանի Հայդարաբադի համալսարանի պրոֆեսոր Ջ. Պրաբաքար Ռաոն սահմանեց հայ և հնդիկ գիտնականների միջև հետազոտության և համագործակցության ընդհանուր հետաքրքրությունների շրջանակը. բազմալեզվության պահպանություն` փոքրամասնությունների լեզուների, գրական պատումների, պատմության և այլ հանրալեզվաբանական աջակցության միջոցով:
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի պրոֆեսոր Գայանե Հովհաննիսյանն ընդգծեց գիտության մեջ բազմալեզվության կարևորությունը ամբողջ աշխարհում և թարգմանության ու միասնական գիտական տերմինաբանության դերը հասարակական և հումանիտար գիտություններում:
Հնդկաստանի Հայդարաբադի համալսարանի պրոֆեսոր Պրամոդ Նայարը, խոսելով մարդու իրավունքների, մշակութային հիշողությունների պաշտպանության, ցեղասպանության և խոցելիության խնդիրների մասին, օգնություն խնդրեց Հայոց ցեղասպանության մասին գրքերի և հուշագրությունների տրամադրման հարցում: Նա խոսեց նաև Հնդկաստանում հայկական վարժարանի, հայ տպագրության և փաստաթղթերի մասին։
Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն դոկտոր Աննա Չուլյանը մանրամասն ներկայացրեց Հնդկաստանում հայ հրատարակչական գործունեության, ինչպես նաև հնդիկ գործընկերներին հետաքրքրող ռեսուրսների մասին: Նա նշեց ներկա աշխարհաքաղաքական պայմաններում Հնդկաստանում և ամբողջ աշխարհում հայկական ժառանգության պահպանման կարևորությունը։
Հնդկաստանի Հայդարաբադի համալսարանի պրոֆեսոր Արուլմոզի Սելվարաջը ներկայացրեց Հնդկաստանում տեղաբնիկ լեզուների փաստագրման` մշակութային հասկացություններն ու գիտելիքը մասնագիտական մակարդակով թարգմանելու խնդիրը և դրանք հանրությանը հասանելի դարձնելու կարևորությունը: