ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Անն Լույոն նամակ է հղել ԲՊՀ ռեկտորի ժ/պ Դ. Գյուրջինյանին, որը ներկայացնում ենք ստորև.

«Նախ թույլ տվեք շնորհավորել Ձեզ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Ինչպես գիտեք, դեսպանությունն ու Ֆրանսիայի բարձրագույն ուսումնական հաստատությունները երկար տարիներ ի վեր սերտորեն համագործակցում են Ձեր համալսարանի հետ: Այս նկատառումով, մինչ դեսպանությունը հօգուտ ֆրանսերենի կարևոր մի ծրագիր է պատրաստում կյանքի կոչել Հայաստանում, ֆրանսերենի դասավանդմանը նվիրված ամբիոնի բացումը Բրյուսովի անվան պետական համալսարանում կլինի ֆրանսերենի ուսուցումը աշխուժացնելու վառ նշան, կվկայի մեր համագործակցության որակի մասին և հնարավորություն կտա դյուրացնել Հայաստանում ֆրանսերենի և ֆրանսերենով դասավանդմանն առնչվող համագործակցային ծրագրերի իրագործումը:

Իրապես, դեսպանությունը մտադիր է 2024-2025 թվականների համար Հայաստանում իրագործել ֆրանսերենի դասավանդման խթանման և ամրապնդման մի հավակնոտ ծրագիր, որի հիմնական նպատակներն են լինելու.

- Ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստում (լեզվական արդիականացում և մանկավարժական վերապատրաստում):

- Դասընթացավարների վերապատրաստում՝ ապահովելու համար ուսուցիչների շարունակական կրթությունը:

- Ֆրանսալեզու լրացուցիչ ծրագրով նոր դպրոցների բացում:

- Նոր հաստատությունների ընդգրկում խորացված ուսուցմամբ ֆրանսերենի համակարգի մեջ և գոյություն ունեցող համակարգի ամրապնդում՝ ֆրանսերեն սովորելու և դասավանդելու արդիականացված մեթոդներով դասագրքեր տրամադրելու եղանակով:

- Ֆրանսերենի դասավանդման ուժեղացում համալսարանական միջավայրում:

 

Զուգահեռաբար, Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալությունը (ՖՀԳ) հայտամրցույթ է նախաձեռնել հայկական համալսարաններում ֆրանսերենը որպես օտար լեզու դասավանդող փորձնակներ հյուրընկալելու նպատակով: Բրյուսովի անվան պետական համալսարանի մանկավարժական թիմը նույնպես իր հետաքրքրությունն է հայտնել այս ծրագրի իրագործման առնչությամբ, որը Ֆրանսիայի դեսպանությունը պատրաստ է համաֆինանսավորել:

Այսպիսով, Ձեր համալսարանում ֆրանսերենի ամբիոնի բացումը կունենա իսկական խորհրդանշական արժեք մեր ընդհանուր համագործակցության համատեքստում հօգուտ Հայսատանում ֆրանսերենի և ֆրանսերենով դասավանդման: Այս նկատառումով, իմ թիմերը Ձեր տրամադրության տակ են:

Շնորհակալություն հայտնելով այս նամակին ցուցաբերած ուշադրության համար՝ ընդունե՛ք, խնդրեմ, պարոն ռեկտոր, հարգանքներիս հավաստիքը»:

Անն Լույո

ՀՀ-ում Ֆրանսիայի Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Անն Լույոյի նամակը՝ ռեկտորի ժ/պ Դ. Գյուրջինյանին