Հեկտոր Բեռլիոզի փառահեղ կյանքը և նրա «Ֆանտաստիկ սիմֆոնիան»

Հոկտեմբերի 8-ին ժամը 10:30-ին Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Ֆրանկոֆոն հետազոտությունների միջհամալսարանական ակադեմիական նվաճումների կենտրոնում տեղի ունեցավ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արամ Բարլեզիզյանի դասախոսությունը՝ նվիրված 19-րդ դարի ֆրանսիացի հանրաճանաչ երգահան Հեկտոր Լուի Բեռլիոզի կյանքին և ստեղծագործությանը:

Բանախոսը ներկաներին ներկայացրեց մեծ երգահանի կյանքի կարևոր դրվագները, այնուհետև անդրադարձավ նրա կյանքի առավել հիշարժան ստեղծագործություններից մեկին՝ «Ֆանտաստիկ սիմֆոնիային»: Նա նշեց, որ այս ստեղծագործությունը համաշխարհային երաժշտական գլուխգործոց է, որով նոր էջ է բացվել երաժշտական գրականության պատմության մեջ: Այն գրված է Բեթհովենի երաժշտական ավանդույթներով:

Բեռլիոզի «Ֆանտաստիկ սիմֆոնիա»-ն առաջին անգամ հնչել է 1830թ. դեկտեմբերի 5-ին Փարիզի կոնսերվատորիայում տեղի ունեցած համերգի ժամանակ:

Սիմֆոնիան բաղկացած է հինգ մասից: Վերջինիս սյուժեն վերցված է անվանի երգահանի կյանքից. սա մի  ռոմանտիկ պատմություն է նրա և անգլիացի դրամատիկ դերասանուհի Հենրիետ Սմիթսոնի սիրո մասին:

Դասախոսության ավարտին հնչեցին հատվածներ նշյալ սիմֆոնիայից:

Ներկա ուսանողներն ու դասախոսները հիացմունքով և երախտագիտությամբ ընդունեցին հարգարժան պրոֆեսորի հետաքրքիր դասախոսությունը, որն այսպիսով կոչված էր միաժամանակ միջմշակութային և բառապաշարային երկու կարևոր խնդիր լուծել:

Հեկտոր Բեռլիոզի փառահեղ կյանքը և նրա «Ֆանտաստիկ սիմֆոնիան»