Ս.թ. մայիսի 21-ին Անգլերենի ամբիոնը կազմակերպել էր ականավոր ցեղասպանագետ, հայագետ և գրականագետ ավստրալիահայ Արա Քեթիպեանի հանդիպումը Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ:

Արա Քեթիպեանը ծնվել է Լիբանանի Տրիպոլի քաղաքում, բնակություն հաստատել Լիբանանի մի շարք քաղաքներում և Բեյրութում։ Նա ուսանել է Մխիթարյան վարժարանում, իսկ 11 տարեկանից կրթություն է ստացել Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանությունում։ Վենետիկում կատարել է ուսումնասիրություններ, գրել թեզեր հայագիտական տարբեր ոլորտներից։ Ուսումնասիրել է դասական լեզուներ՝ հին հունարեն և լատիներեն, ունկնդրել է փիլիսոփայության դասընթացներ Հռոմի Գրիգորյան համալսարանում։

Հանդիպման ընթացքում Արա Քեթիպեանը ներկայացրեց իր երկարամյա գործունեությունը, ցեղասպանություն եզրույթի գիտական բացատրությունը, հայոց ցեղասպանության ճանաչման հիմնախնդիրները՝ առանձնակի ուշադրություն դարձնելով գաղթօջախներում դեսպանությունների և սփյուռքահայության դերակատարությանը:

Հանդիպման ավարտին Արա Քեթիպեանը պատասխանեց պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հարցերին, և համալսարանի գրադարանին նվիրաբերեց ավելի քան 13 հատորներ իր ծավալուն աշխատություններից:

Հանդիպում ցեղասպանագետ Արա Քեթիպեանի հետ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում