ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑՈՒ «ՄԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ» ԵՐԿԻ ԷՍՏՈՆԵՐԵՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ԵՊԼՀ-ՈՒՄ

Այս տարի Էստոնիայի անկախության վերականգման 100-ամյակի միջոցառումների համատեքստում հայ-էստոնական բարեկանությունն ամրապնդվեց Նարեկացու Մատյանը Եվրոպայում տարածելու, եվրոպական լեզուներով նոր թարգմանություն ստանալու շատ լուրջ քայլով: Հունիսի 11-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում տեղի ունեցավ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգություն» երկի էստոներեն թարգմանության շնորհանդեսը: ԵՊԼՀ–ը հյուրընկալել էր Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Կաի Կաարելսոնին, ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին և Էստոնիայի մշակույթի նախարար Ինդրեկ Սաարին, ինչպես նաև երաժիշտ, ստեղծագործող, Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» էստոներեն թարգմանության հեղինակ Պեետեր Վոլկոնսկուն: ԵՊԼՀ ռեկտոր Կարինե Հարությունյանը ողջունելով հյուրերին՝ ընդգծեց, որ 10-րդ դարի հոգևորական և բանաստեղծ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգությունը» Աստվածաշնչի հետ մեկտեղ այն երկու գրքերն են, որոնք պահվում են բոլոր հայ ընտանիքներում: ««Նարեկ»-ը, ինչպես գիրքն անվանում են հայերը, ոչ միայն կարդացել են, պահել գրապահարաններում այլև զգացել, գնահատել ու պաշտել: Այսօր Վալկոնվսկու ջանքերով էստոնացի ընթերցողները հնարավորություն ունեն այն կարդալու, շփվելու իրական գրական գլուխգործոցի հետ»,-հավելեց ռեկտորը: Նարեկացու «Մատյանը» թարգմանվել է աշխարհի ավելի քան 30 լեզուներով, Էստոներեն թարգմանությունն էլ գալիս է լրացնելու այդ շարքը: ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը նշեց, որ շատ է կարևորում նմանատիպ իրադարձությունները: «Շատ ուրախ եմ, որ այս գիրքն արդեն իսկ հասանելի կլինի նաև էստոներենով: Ողջունում եմ այս փաստը, քանի որ «Մատյան ողբերգություն»-ը ոչ միայն հայ գրականության գոհարներից է, այլև համաշխարհային ժառանգության մաս է կազմում»,- նշեց Մակունցը:

Գիրքը երկու երկրների՝ Հայաստանի և Էստոնիայի հանրապետությունների մշակույթի նախարարությունների համագործակցության արդյունքն է: Մակունցն այդ կապակցությամբ ընդգծեց, որ Էստոնիայի մշակույթի նախարար Ինդրեկ Սաարի հետ ծրագրել են համատեղ այլ նախագծեր նույնպես իրագործել:

Էստոնիայի մշակույթի նախարար Ինդրեկ Սաարին ուրախությամբ նշեց. «Սա հրաշալի նվեր է Էստոնիայի անկախության վերականգման 100-ամյակի առթիվ, այս տարի մենք այն նշում ենք Հայաստանում»:

Էստոներեն թարգմանության գրքի հեղինակ Պեետեր Վոլկոնսկին մեզ հետ զրույցում փաստեց. «Ժամանակակից աշխարհի դժբախտությունն այն է, որ անհայտ է ուղղությունը, չգիտես` ուր գնալ, իսկ Նարեկացի կարդալիս կարծես զգում ես ուղղությունը, նա ցույց է տալիս՝ ուր գնալ և որն է ճիշտ ճանապարհը»:

Հանդիպման ավարտին ԵՊԼՀ ռեկտորը նշեց, որ վստահ է, որ այս թարգմանությունը իր կայուն տեղը կգտնի Գրիգոր Նարեկացու ուսումնասիրությունների երկար շղթայի մեջ՝ գիտական, մշակութային և հոգևոր իմաստով:

 

ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑՈՒ «ՄԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ» ԵՐԿԻ ԷՍՏՈՆԵՐԵՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ԵՊԼՀ-ՈՒՄ