Գերմանագիտության ինստիտուտների համագործակցության շրջանակներում 23․05․-27․05․2023թ․ Գերմաներենի ամբիոնը այս անգամ էլ հյուրընկալեց Հայդելբերգի Կառլ-Ռուպրեխտի համալսարանի երկու գործընկերների՝ Դանիլե Մորետիին և Վանեսա Շորակին։ Նրանք աշխատաժողովներ և վերապատրաստումներ անցկացրեցին ինչպես Գերմաներենի ամբիոնի դասախոսական կազմի, այնպես էլ՝ «Թարգմանչական գործ» ՄԿԾ-ի ուսանողների համար։
Վերապատրաստումների ու աշխատաժողովների գլխավոր թեմաները այսօր շատ արդիական երկու թեմաներն էին՝ արհեստական ինտելեկտն ու մեքենական թարգմանությունը։ Ներկայացվեցին արհեստական ինտելեկտի և մեքենական թարգմանության զարգացման պատմությունը, ներկայիս վիճակն ու զարգացման հեռանկարները։ Հատուկ անդրադարձ եղավ մեքենական թարգմանության առավելություններին ու թերություններին ու այն հիմնական խնդիրներին, որոնցով պայմանավորված են մեքենական թարգմանության թերությունները։ Աշխատաժողովների ընթացքում ներմուծվեցին մեքենական թարգմանության և այդ թարգմանությունների խմբագրման մի շարք գործիքներ, որոնք ուղղված էին նաև մեքենա-թարգմանչի թույլ տված սխալների վերլուծությանը։
Սեմինարներն անցան բազմամարդ լսարաններում՝ և՛ դասախոսների, և՛ ուսանողների ակտիվ մասնակցությամբ ու բուռն քննարկումներով։
Գերմաներենի ամբիոնը հյուրերի համար կազմակերպել էր մշակութային միջոցառումներ ու էքսկուրսիաներ դեպի Գառնու տաճար և Գեղարդի վանք, իսկ մեկնումից առաջ նրանք այցելեցին Սանահինի և Հաղպատի վանական համալիրներ։
Հունիս – հուլիս ամիսներին Գերմաներենի ամբիոնի 6 դասախոս նույն ծրագրի շրջանակներում կրկին մասնակցելու են վերապատրաստումների, այս անգամ, սակայն, նրանք կհյուրընկալվեն Հայդելբերգի համալսարանի կողմից։