Սեպտեմբերի 18-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում Էրազմուս+ ՀԳ2 Նորարարությանն ու փորձի փոխանակմանն ուղղված համագործակցություն, կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում` «Համալսարան-ձեռնարկատիրություն համագործակցության և ուսանողների ձեռնարկատիրական հմտությունների ամրապնդումը ՍՄԱՐԹ կենտրոնների միջոցով» ծրագրի (www.smartcaffe.eu) շրջանակներում տեղի ունեցավ ՍՄԱՐԹ կենտրոնի բացումը:

ԱՄԱՐԹ ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից։ Հայաստանից բացի ծրագրի շահառուներն են Մոլդովան և Բելառուսը: Ծրագրի նպատակն է ՍՄԱՐԹ կենտրոնի միջոցով խրախուսել ուսանողներին, շրջանավարտներին, հետազոտողներին, խթանել նրանց գաղափարներն ու ձեռնարկատիրական հմտությունները, ինչպես նաև աշխուժացնել բուհ-գործատու համագործակցությունը: ԵՊԼՀ-ի ՍՄԱՐԹ կենտրոնի և Կարիերայի կենտրոնի աշխատանքներն ուղղված են երիտասարդների համար մեկ միասնական հարթակի ստեղծմանը, որը հնարավորություն կտա ներկայացնել նորարար գաղափարներ, ստարտ-ափ առաջարկներ ու ծրագրեր, հիմնել՝ բիզնես:

ՍՄԱՐԹ կենտրոնի հիմնումն ու կահավորումը գալիս է համալրելու այն բազմաթիվ ծրագրերի շարքը, որոնք վերջին հինգ տարիների ընթացքում նախաձեռնվել և կյանքի են կոչվել ԵՊԼՀ-ի շրջանավարտ, արդեն իսկ ուսանողների մեծ բարեկամ Տիգրան Սահակյանի ջանքերով: Հուրախություն ուսանողների, վերջինս անձամբ ներկա էր կենտրոնի բացման արարողությանը:

Բացման խոսքով հանդես եկավ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը: Կարևորելով բուհ-շրջանավարտ-Շրջանավարտների միավորում կապը տիկին Հարությունի խոսքի հիմնական շեշտադրումն էր «ԲՈՒՀ-ն ամուր է իր շրջանավարտներով» կարգախոսը:

Բացման արարողությանը հետևեց գեղեցիկ երկխոսություն բուհի բարեկամ, շրջանավարտ, բարերար Տիգրան Սահակյանի և ներկա երիտասարդների, ուսանողների, ինչպես նաև Երևանից և մարզերից ժամանած դպրոցականների միջև: Տիգրան Սահակյանը հանդես եկավ «Ինչպես հիմնել սեփական բիզնեսը» խորագրով դասախոսությամբ:

Հանդիպման ավարտին տեղի ունեցավ ավելի վաղ «Տիգրան Սահակյան» հիմնադրամի կողմից հայտարարված շարադրությունների մրցույթի հաղթողների մրցանակների հանձնման արարողությունը: ԵՊԼՀ-ի թվով 10 ուսանող և շրջանավարտ ստացան պատվոգրեր և դրամական պարգևներ “I am Rich, as I …” խորագրով շարադրության մրցույթում հաղթելու կապակցությամբ:

ՍՄԱՐԹ կենտրոնի բացումը ապացույցն էր կենտրոնի կամավոր-ուսանողներից մեկի մեկնաբանությունը ... «Սմարթ երիտասարդներ շատ ունենք, միայն կենտրոնն էր պակասում…»: