Նոյեմբերի 21-ից 24-ը Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ֆրանսախոս ուսանողները և դասախոսները ֆրանսիական քերթողական արվեստի տիրույթում էին: Էքս-Մարսել համալսարանի Հայագիտության ամբիոնի դոցենտ Ստեֆան Ճերմակյանը «Պոեզիան և մշակույթների փոխանցումը մոդեռնիզմի և ավանդույթի միջև. գրականության պատմություն և բանաստեղծական արարում» վերնագրով չորս դասախոսություն անցկացրեց ԲՊՀ-ում: Երկու տեսական դասախոսության ընթացքում պարոն Ճերմակյանը անդրադարձ կատարեց միջնադարյան Տրուբադուրների, վերածննդյան պառնասական, ռմանտիկ՝ Հյուգոյի, Մյուսեի, Լամարտինի, սիմվոլիստ, դեկանդենտ պոտներին: Լինելով բանաստեղծ՝ նա ներկայացրեց, թե ինչպես տեսանելի և անտեսանելի ձուլումով կարող են հարվել ավանդականն ու նորը՝ մոդեռնը, և ստեղծել ամեն ժամանակի համար արդիական արվեստ: Տեսական դասընթացներին հաջորդեցին երկու աշխատարանները, ուր Ճերմակյան պոետ-դասախոսը և ուսանողներն արարեցին իրենց իսկ պոեզիան՝ ավանդույթի և մոդեռնի խաչմերուկներում: Դասընթացի ավարտին Ճերմակյանը խրախուսեց ուսանողներին՝ նշելով, որ ամենադժվարը ճերմակ էջի առաջին բառն է, հետո պետք է առաջ գնալ այնպես, ինչպես արել են «մեր պոետ բարեկամները»:
ԲՊՀ ռեկտորի Ժ/Պ Դ. Գյուջինյանը Ստեֆան Ճերմակյանի հետ հանդիպման ժամանակ նշեց, որ լիահույս է, որ այս առաջին դասընթացը միակը չի լինի և մեր ու Էքս-Մարսել համալսարանների միջև կստեղծվեն ամուր կապեր, որոնք կդառնան հետագա համագործակցության գրավականը:
Մեկնելուց առաջ պարոն Ճերմակյանը մեկ տասնյակից ավել գիրք նվիրեց ԲՊՀ-ի ուսանողներին և դասախոսներին, «մեր պոետ բարեկամների» երկերը, որոնք չորս օր ընթերցում և վերընթերցում էին Ճերմակյանն ու ԲՊՀ-ի մի խումբ ֆրանսախոս ուսանողները՝ ֆրանսիական քերթողական արվեստի գոհարները: