ԵՊԼՀ դասախոս Լիլիթ Մովսեսյանը դասախոսություններով հանդես եկավ Ժեշուվի համալսարանում

ԵՊԼՀ-ի և Լեհաստանի Հանրապետության ժեշուվի համալսարանի միջև կնքված պայմանագրի համաձայն Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում սույն թվականի մայիսի 20-ից 24-ը Ժեշուվի համալսարանում դասավանդման հնարավորություն է ստացել Լեզվաբանության և հաղորդակցման տեսության ամբիոնի դասախոս, բ.գ.թ. Լիլիթ Մովսեսյանը:

Նա Ժեշուվի համալսարանի Անգլերեն լեզվի ֆակուլտետի պրոֆեսոր Դորոտա Օսուչովսկայի երրորդ կուրսի չորս խմբերում ներկայացրել է Կորպուսային լեզվաբանությունը, անդրադարձել է ԵՊԼՀ ուսանողների կողմից իրականացված լեզվաբանական ուսումնասիրություններին, որոնցում ակտիվորեն կիրառվել է կորպուսը՝ որպես հետազոտական ժամանակակից մեթոդ: Լեհ ուսանողներին ներկայացվել է երկու կորպուս (այդ թվում արևելահայերենի ազգային կորպուսը) և դրանց գործառական հնարավորությունները՝ նպաստելով հաջորդ տարի այդ ուսանողների կողմից իրականացվող հետազոտական նոր գաղափարների առկայացմանը:

Մեզ հետ զրույցում որպես իր կողմից առաջարկ Լ. Մովսեսյանը նշեց.

«Հաշվի առնելով Կորպուսային լեզվաբանության նկատմամբ ուսանողների հետաքրքրվածությունը և գնահատելով կորպուսի դերը որպես հետազոտական ժամանակակից մեթոդ և գործիք՝ առաջարկում եմ դիտարկել այս դասընթացի դասավանդման հնարավորությունը բակալավրիատի մակարդակում։ Համոզված եմ՝ այն կունենա հաջողություն և կնպաստի ուսանողների հետազոտական աշխատանքների իրականացման արդյունավետությանը՝ որպես նորագույն մեթոդաբանություն։» 

ԵՊԼՀ դասախոս Լիլիթ Մովսեսյանը դասախոսություններով հանդես եկավ Ժեշուվի համալսարանում