ԵՊԼՀ-ում մեկնարկեց «Հայաստանի Հանրապետության լեզվական քաղաքականությունը. լեզուների դասավանդման հիմնախնդիրները «Մեկ գոտի, մեկ ուղի» ռազմավարության համատեքստում» խորագրով միջազգային ֆորումը. լուսանկարներ: Միջոցառման մեկնարկին բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊԼՀ ռեկտոր Կարինե Հարությունյանը, ում խոսքը ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի գործընկերներ, Դալիանի օտար լեզուների համալսարանից այսօր մեզ միացած հարգարժան հյուրեր, սիրով ողջունում եմ բոլորիդ Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի ողջ անզնակազմի և անձամբ իմ անունից։

 Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի Կոնֆուցիուսի ինստիտուտը, որը Հայաստանում հազարավոր մարդկանց ուսուցանել է չինարեն, հարյուր հազարավոր հայաստանցիների հաղորդակից դարձրել չինական մշակույթին, արվեստին, գրականությանը, ավանդույթներին, անգամ ավանդական բժշկությանը ու մարտարվեստներին, ծանոթացրել Չինաստանի գիտակրթական ձեռքբերումներին ու «տնտեսական հրաշքին» և մշտապես նպաստել հայ-չինական հարաբերությունների զարգացմանը, այս տարի նշում է իր գործունեության առաջին տասնամյակը: Շեշտադրում եմ առաջի՛ն, քանի որ համոզված եմ, որ ինստիտուտը դեռ նշելու է իր երկրորդ, երրորդ, չորրորդ և շատ տասնամյակներ, և ունենալու է բազում նոր ձեռքբերումներ։

Ուստի, թույլ տվեք նախ բոլորիս անունից ջերմորեն շնորհավորել Կոնֆուցիուսի ինստիտուտի 10-ամյա հոբելյանը և մաղթել հաջողություն ինստիտուտի բոլոր ծրագրերի իրականացմանը, որոնք նոր շունչ կհաղորդեն Հայաստանի և Չինաստանի ժողովուրդների դարավոր բարեկամությանը։ Թույլ տվեք նաև իրենց նվիրյալ և քրտնաջան աշխատանքի համար շնորհակալություն հայտնել Կոնֆուցիուսի ինստիտուտի ողջ անձնակազմին, չինացի բոլոր ուսուցիչներին, ովքեր այս 10 տարիների ընթացքում աշխատել են կամ հիմա աշխատում են Ինստիտուտում։

Անդրադառնալով այսօրվա մեր գիտաժողովի թեմային և մեր համալսարանի մասնագիտական ուղղվածությանը՝ ցանկանում եմ կիսվել իմ որոշ լեզվաբանական մտորումներով: Անկեղծ ասած, ես միշտ մտածել եմ, որ Կոնֆուցիուս անունը այնքան էլ չինարեն չի հնչում։ Հնչողութամբ Կոնֆուցիուս անունն ավելի նման է հռոմեական կայսրի անվան, օրինակ ինչպես Տիբերիուս, Գերմանիկուս կամ Մարկոս Ավրելիոս։ Իրականում Կոնֆուցիուսի ազգանունը եղել է Քոն՝ ըստ իր գերդաստանի անվան, իսկ անունը՝ Ցյու։ Կոնֆուցիուսը, չինարեն «Քոն Ֆուծի» անվան լատինացված ձևն է, որը չինարենից բառացի թարգմանությամբ նշանակում է «Վարպետ Քոն», այլ կերպ ասած՝ «Ուսուցիչ Քոն»։ Ապրելով  մ.թ.ա 551-479 թվականներին՝ ավելի քան 25 դար առաջ, Կոնֆուցիուսը մարդկային քաղաքակրթության պատմության մեջ մինչ օրս, հիրավի, համարվում է մեծագույն փիլիսոփաներից, մտավորականներից և ուսուցիչներից մեկը, ով ողջ կյանում չի դադարել սովորել ինքը և ուսուցանել ուրիշներին, ում ուսմունքը եղել է և կմնա համամարդկային մտադարանի գանձարանում։

Կրելով մեծ փիլիսոփայի անունը և հավատարիմ մնալով նրա առաքելությանը՝ մեր համալսարանի Կոնֆուցիուցի ինստիտուտի աշխատանքը մշակութային փոխըմբռնման և միջմշակութային հաղորդակցման բնագավառում անփոխարինելի է, հատկապես, երբ այն դիտարկվում է երկարաժամկետ աշխարհաքաղաքականության համատեքստում:

Այսօրվա մեր գիտաժողովը՝ նվիրված Կոնֆուցիուսի ինստիտուտի տասնամյակին, միտված է միջմշակութային փոխըմբռնման և հաղորդակցման զարգացմանը, մեր երկրների միջև գիտակրթական և մշակութային կապերի ամրապնդմանը, լեզվաքաղականության բնագավառում հետազոտությունների խթամանը, ինչպես նաև երկու երկրների մտավորականների, գիտության և կրթության ոլորտի գործիչների միջև գիտական երկխոսության ամրապնդմանը:

Գիտաժողովի նպատակն է քննարկել հիմնախնդիրների լայն շրջանակ, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության լեզվական քաղականությունը և դրա առանձնահատկությունները՝ որպես այլ լեզուների և մասնավորապես չինարենի և չինական մշակույթի ուսումնասիրման անկյունաքար, միջմշակութային և միջլեզվական հաղորդակցության ժամանակակից մոտեցումները, բազմալեզու կրթության հիմնախնդիրները, չինարենի ուսուցման հեռանկարները, մշակութային ինքնության և լեզվի միասնության, և այլ հարցեր:

Լիահույս ենք, որ Հայաստանում չինարենի և չինական մշակույթի տարածմանը միտված մեր համագործակցությունը շարունակական կլինի՝ Կոնֆուցիոսի ինստիտուտի հետագա գործունեության շրջանակներն ընդլայնելու և իրականացվող ծրագրերն հայ հանրության առավել լայն շերտերին հասու դարձնելու նպատակով: Մենք հավատում ենք հայ-չինական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված մեր ընդհանուր գործի հաջողությանը:

Գիտաժողովի մասնակիցներին մաղթում եմ բեղմնավոր աշխատանք, հարուստ և հետաքրքիր քննարկումներ»:

Հիշեցնենք, որ Ֆորումի նպատակն է ծանոթացնել ՀՀ կրթության ոլորտի լեզվաքաղաքականությանը և հաստատել գործնական հարաբերություններ չինարեն և այլ օտար լեզուներ դասավանդող տարբեր ուսումնական հաստատությունների միջև: Այն կնպաստի ՀՀ կրթության և գիտության ոլորտում Հայաստանի և Չինաստանի միջև բարեկամական, փոխշահավետ համագործակցության ամրապնդմանը:

ԵՊԼՀ-ում մեկնարկեց «Հայաստանի Հանրապետության լեզվական քաղաքականությունը. լեզուների դասավանդման հիմնախնդիրները «Մեկ գոտի, մեկ ուղի» ռազմավարության համատեքստում» խորագրով միջազգային ֆորումը. լուսանկարներ