ԵՊԼՀ-ի և Լիլ համալսարանի միջև կնքված պայմանագրի շնորհիվ՝ բացառիկ հնարավորություն ունեցա պրակտիկաս անցնելու Ֆրանսիայում

ԵՊԼՀ ԿՄՄ ֆակուլտետի ռոմանական լեզուների ամբիոնի 3-րդ կուրսի ուսանողուհի Սեդա Ավագյանը վերջերս մեկամսյա մասնագիտական պրակտիկա է անցել Ֆրանսիայում՝ Լիլ քաղաքի Քլոդ-Լեվի-Սթրոս քոլեջում:

Ստորև ներկայացնում ենք մեր հարցազրույցը Ս. Ավագյանի հետ:

Կարո՞ղ եք համառոտ ներկայացնել ձեր այցելության ամենակարևոր դրվագները: 

Ունենալով հնարավորություն մասնագիտական պրակտիկաս անցնելու Ֆրանսիայում՝ Լիլ քաղաքի Քլոդ-Լեվի-Սթրոս քոլեջում, ստացա հիմնարար գիտելիքներ և կատարեցի նոր բացահայտումներ մանկավարժության ոլորտում։ Դասարանը, որտեղ անցավ պրակտիկաս, բաղկացած էր տարբեր երկրներից ժամանած աշակերտներից: 

Սկզբնական փուլում անցկացնում էի դասալսումներ, որոնք տևեցին երկու շաբաթ։ Այդ ընթացքում ծանոթացա դասավանդման մեթոդներին և սկզբունքներին։ Վերջին երկու շաբաթների ընթացքում պրակտիկան վերահսկող ուսուցչուհու անմիջական թույլտվությամբ սկսեցի ինքս դասընթացներ վարել՝ օգտագործելով արդեն իսկ ձեռք բերած հմտություններս։

Դասընթացներին զուգահեռ մասնակցել եմ նաև Լիլ համալսարանի կողմից կազմակերպված տեղեկատվական սեմինարներին, որտեղ ինտերակտիվ կերպով՝ հարց  ու պատասխանի սկզբունքով, մասնակցել եմ քննարկումներին։

Այս մեկ ամսվա ընթացքում ձեռք բերեցի դասավանդման հմտություններ, որոնք կնպաստեն իմ հետագա աշխատանքների արդյունավետ ընթացքին։

Ինչպե՞ս ստացվեց, որ հենց ձեզ տրվեց Ֆրանսիայում մասնագիտական պրակտիկա անցնելու հնարավորությունը: 

Նախ ասեմ, որ երազանքս էր Ֆրանսիա մեկնելը, և ինքս ինձ խոստացել էի, որ 3-րդ կուրսում մասնակցելու եմ ծրագրերի՝ երազանքիս ետևից գնալու համար:

Դասախոսիս աջակցությամբ մասնակցեցի «Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության» (AUF) կողմից կազմակերպված միջազգային մրցույթին, այնուհետև հեռահաղորդակցման կապի միջոցով ունեցա հարցազրույց ֆրանսերեն լեզվով և մի քանի շաբաթ անց հայտարարեցին, որ ընտրվել եմ՝ բարձր առաջադիմությանս շնորհիվ:

Եվ այսպես, ֆինանսավորում ստանալով AUF –ից, բացառիկ հնարավորություն ունեցա մասնագիտական պրակտիկաս անցնելու Լիլ քաղաքում՝ շնորհիվ ԵՊԼՀ-ի և Լիլ համալսարանի միջև կնքված պայմանագրի: 

Ի՞նչ տարբերություններ նկատեցիք մասնավորապես մանկավարժության ոլորտում հայաստանյան և ֆրանսիական մոդելների համատեքստում:

Տարբերություններ, իհարկե, կային մասնավորպես տեխնիկական հագեցվածության առումով: Բոլոր դասարաններում կային համակարգիչներ, ինչը, կարծում եմ, ավելի էր նպաստում դասի հեշտ յուրացմանն ու ընկալմանը: Դասերը միշտ ինտերակտիվ էին անցնnւմ. դասերի ընթացքում հաճախ կարելի էր տեսնել խմբային աշխատանքներ, օրինակ՝ ներկայացումներ և դերային խաղեր: Ի տարբերություն հայաստանյան կրթական համակարգի՝ ուսուցիչը ազատ էր դասի պլանի կազմման և մեթոդների ընտրության հարցում:

ԵՊԼՀ-ում ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները որքանո՞վ օգնեցին դասընթացներ վարելու գործընթացին:

ԵՊԼՀ-ում ստացածս գիտելիքները մասնավորապես ֆրանսերեն լեզվի իմացությունս, որը դասախոսներս փայլուն կերպով փոխանցել են ինձ, անմիջական ազդեցություն ունեցան Ֆրանսիայում ավելի դյուրին կերպով լեզվակիրների հետ շփվելու, ինչպես նաև, լինելով օտար երկրի ներկայացուցիչ, նրանց բազային գիտելիքներ փոխանցելու հարցում:

Թեպետ դասավանդման իմ առաջին փորձն էր, սակայն շնորհիվ «Մանկավարժություն» և «Մեթոդիկա» առարկաներից ստացած գիտելիքներիս, դասավանդման ընթացքում դժվարություններս քիչ էին, իսկ ընթացքն էլ ՝ հանգիստ և, իհարկե, արդյունավետ:

ԵՊԼՀ հանրային կապերի և լրատվության բաժին

ԵՊԼՀ-ի և Լիլ համալսարանի միջև կնքված պայմանագրի շնորհիվ՝ բացառիկ հնարավորություն ունեցա պրակտիկաս անցնելու Ֆրանսիայում
  • Նորություններ
  • Բուհական
  • Համագործակցություն
  • Միջազգային
  • Մեր մասին
  • Բոլորը

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում բացվեց ՍՄԱՐԹ ...

19.09.2019

ԵՊԼՀ-ի ՍՄԱՐԹ կենտրոնի և Կարիերայի կենտրոնի աշխատանքներն ուղղված են երիտասարդների համար մեկ միասնական հարթակի ստեղծմանը, որը հնարավորություն կտա ներկայացնել նորարար գաղափարներ, ստարտ-ափ առաջարկներ ու ծրագրեր, ...

Տեսակոնֆերանս «Բնապահպանական արդի մարտահրավերները» թեմայով

18.09.2019

Հանրությանը հուզող բնապահպանական խնդիրներին էր նվիրված նաև սեպտեմբերի 17-ի «Բնապահպանական արդի մարտահրավերները» թեմայով տեսակոնֆերանսը, որ կազմակերպել էր Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական ...

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում կբացվի ՍՄԱՐԹ ...

17.09.2019

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում Էրազմուս+ ՀԳ2 Նորարարությանն ու փորձի փոխանակմանն ուղղված համագործակցություն, կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում` ...

ԵՊԼՀ-ն հյուրընկալել է Բլագոևգրադի «Նեոֆիտ Ռիլսկի» Հարավ-Արևմտյան համալսարանի ...

13.09.2019

Դ. Պապոյանի հետազոտությունը առնչվում է հայկական հարցին ռուսական քաղաքականության համատեքստում: