Ռեկտորի ժ/պ Դ. Գյուրջինյանը ողջունեց հյուրերին՝ ընդգծելով, որ տեղյակ է իրենց նախկինում կատարած այցի մասին, որից նաև շատ տպավորված են եղել ուսանողները, ապա հիշեցրեց, որ ԲՊՀ-ն Հայաստանում լեզուներ և առնչվող գիտություններ սովորեցնելու ամենահարուստ փորձ ունեցող բուհն է.
«Այստեղ մոտ երկու տասնյակ լեզուներ կան առաջին, երկրորդ, երրորդ լեզվի կարգավիճակով: Իհարկե, «առյուծի բաժինը» անգլերենինն է, բայց իսպաներենը երեք կարգավիճակն էլ ունի: Ուրախ եմ, որ Դոմինիկյան Հանրապետությունն այստեղ արդեն կայուն ներկայություն է. դա նշանակում է, որ մենք կարող ենք համագործակցել, և դուք շատ լավ մի ուղի արդեն նշել եք՝ արտասահմանցի ուսանողների մուտքը Բրյուսովի համալսարան: Իհարկե, միշտ ունեցել ենք արտասահմանցի ուսանողներ, բայց քանակը տարբեր է եղել: Եվ եթե նրանք լինեն, մեր ուսանողները իսպաներենը կլսեն իսպանախոսից: Դա հնարավորություն կտա բացի գրական իսպաներենից լսելու նաև առօրյա խոսակցական իսպաներենը»:
Քննարկվեց նաև մեր համալսարանի իսպանախոս ուսանողների հետ հնարավոր համագործակցությունը Դոմինիկյան Հանրապետության ներկայացուցչության հետ:
Այցի երկրորդ հատվածում դեսպանը հանդիպեց Թարգմանության և միջմշակութային հաղորդակցման ֆակուլտետի իսպանախոս ուսանողների հետ: Նա ուսանողների համար գեղեցիկ ֆիլմ էր պատրաստել՝ Դոմինիկյան Հանրապետության մասին տարբեր մանրամասներով: Ֆիլմում ցուցադրված էին իրենց երկրի արդյունաբերությանը, զբոսաշրջությանը, տնտեսության զարգացման ուղղություններին առնչվող մի շարք դրվագներ:
Ուսանողներն իրենց հուզող հարցերը հղեցին դեսպանին, և հանդիպումն անցավ ջերմ և համագործակցային մթնոլորտում: