Դավիթ Սամվելյանը հանդիպման ընթացքում ներկայացրեց իր ստեղծագործական ուղին՝ անկեղծ ու տպավորիչ կերպով պատմելով թե՛ իր գրական փորձառության, թե՛ խմբագրական գործունեության մասին։ Նա սիրով պատասխանեց ներկաների հարցերին, որոնք շոշափում էին գրական աշխարհի ամենանուրբ շերտերը՝ գրքի ընտրության բարդ արվեստից մինչև ժամանակակից գրականության արժեքային կողմնորոշումները։
Գրադարանին, ի նշան երախտագիտության, հեղինակը նվիրեց իր հեղինակած գրքերից՝ «Զգուշացե՛ք, դռները չեն փակվում» և «Չորրորդ փողոց. պատմվածքներ և էսսեներ» ժողովածուները։ Մեկ այլ արժեքավոր նվիրատվությամբ հանդես եկավ ԲՊՀ ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը՝ գրադարանին հանձնելով «Մատենագիրք Հայոց» բացառիկ ձեռնարկը։
Հանդիպման ավարտին հնչեց Խորխե Լուիս Բորխեսի անմոռանալի միտքը՝ «Կարծում եմ՝ դրախտը պետք է գրադարանի պես մի բան լինի», որը, թերևս, լավագույն կերպով ամփոփում էր այդ օրը գրադարանում տիրող մթնոլորտը՝ լույս, իմաստ, ստեղծագործություն։