19-ամյա Մարի Դավթյանը առաջին աղջիկն էր, ով սահմանեց ցատկապարանի ռեկորդ՝ անընդմեջ ցատկելով 1ժամ 08 րոպե: Ռեկորդը գրանցվել է ՀՀ «Դյուցազնագրքում»: Մարի Դավթյանը սովորում է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի լրագրության 2-րդ կուրսում: Կրթությանը զուգընթաց համատեղում է արվեստը և սպորտը: Ներկայումս պարում է Ազատ Ղարիբյանի անվան «Կռունկ» պարային անսամբլում:

Սա Մարիի առաջին ռեկորդն էր, բայց ոչ վերջինը: Պատրաստվում է սահմանել համաշխարհային ռեկորդ ՝ գրանցվելով «Գինեսի» ռեկորդների գրքում:

«Պարապմունքների ժամանակ ցուցաբերել է ավելի լավ արդյունք՝ ցատկելով 2ժամ 30րոպե, իսկ 1ժամ 08 րոպեն անսպասելի արդյունք էր, քանի որ նախատեսել էինք գրանցել 2ժամ: Ռեկորդին պատրաստվել էինք շուրջ վեց ամիս: Լարվածությունը խոչընդոտեց, սակայն որպես Մարիի մարզիչ վստահ եմ, որ գրանցելու ենք մեր նախատեսած արդյունքներն իր նպատակասլացության և աշխատասիրության շնորհիվ»,- նշում է Մարիի մարզիչ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի դասախոս Արգիշտի Սոկրատունին:

Ռեկորդը գրանցվել է հուլիսի 22-ին 12rounds boxing ակումբում:

Մարին կարևորում է կրթության դերը իր կյանքում՝ նշելով. «Ըստ իս՝ ամեն հաջողված նպատակի հիմքում կրթությունն է, քանի որ գիտելիքների շնորհիվ հնարավոր է անհնարին թվացող նպատակները դարձնել հնարավոր»:

Մարին ունի նպատակներ ինչպես պարարվեստի և սպորտի բնագավառներում, այնպես էլ ՝ մասնագիտական ոլորտում:

«Անհնարին ոչինչ չկա, եթե կա ցանկություն, նպատակասլացություն, աշխատասիրություն և հավատ, այդ իսկ պատճառով հնարավոր է կրթությանը զուգընթաց համատեղել արվեստը և սպորտը, որոնք նպաստելու են իրագործել սպասված նպատակներիցս ամենակարևորը»:

ԲՊՀ ուսանողուհի Մարի Դավթյանը սահմանել է ցատկապարանի ռեկորդ՝ գրանցվելով ՀՀ «Դյուցազնագրքում»