ԲՊՀ ուսանողուհի Աստղիկ Խաչատրյանը «Հանրապետության լավագույն ուսանող 2020» մրցույթին հասարակագիտություն ոլորտում զբաղեցրել է 3-րդ տեղը

Սիրով տեղեկացնում ենք, որ ԲՊՀ «Կառավարում» մասնագիտությամբ մագիստրոսական կրթական ծրագրի առկա ուսուցման երկրորդ կուրսի ուսանողուհի Աստղիկ Մուշեղի Խաչատրյանը «Հանրապետության լավագույն ուսանող» մրցույթին հասարակագիտություն ոլորտում զբաղեցրել է 3-րդ տեղը:

Փետրվարի 17-ին ԿԳՄՍ-ում տեղի է ունեցել 2020 թվականի «Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալները, բուհերի ռեկտորներ և ուսանողներ: Միջոցառման սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Արցախյան վերջին գոյամարտի ընթացքում նահատակված հերոսների հիշատակը։

Հաղթողներին հանձնելով հավաստագրեր ու նվերներ՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ «Լավագույն ուսանող» մրցույթում հաղթող ճանաչվելը հպարտանալու առիթ է, բայց միևնույն ժամանակ նաև պատասխանատվություն և ձեռք բերածը նորովի վերարժևորելու և հաջողությունը շարունակելու կարևոր նախապայման:

«Մրցույթով նպատակ ունենք այս կերպ ևս բացահայտել ու խրախուսել բուհերի այն ուսանողներին, որոնք ցուցաբերել են բարձր առաջադիմություն և իրենց առավել ակտիվ են դրսևորել համապատասխան մասնագիտական ոլորտներում: Շատ կարևոր է, որ այս մրցույթի շրջանակում բուհերի ուսանողների միջև բարձրանա մրցակցությունը, ինչը նպաստավոր է որակական առաջընթացի, հետաքրքրությունների ընդլայնման, ինքնադրսևորվելու հնարավորությունների խթանման և կարողությունների բացահայտման առումով: Սիրելի՛ երիտասարդներ, ապագայի կերտման ճանապարհին մենք ձեր լավագույն գործընկերն ենք, աջակիցն ու հովանավորը: Ուս ուսի, ձեռք ձեռքի տված շատ անելիքներ ունենք մեր պետության կայացման և առաջխաղացման գործում: Ջանք մի՛ խնայեք ձեր նախընտրած ոլորտում կայանալու, նոր ասելիքով հանդես գալու, լավագույն ապագան կերտելու համար: Խորը ցավով եմ նշում, որ մեր ուսանողները ևս հանուն հայրենիքի իրենց կյանքը չխնայեցին և հերոսացան: Դուք այժմ կրկնակի եռանդով պետք է աշխատեք՝ տեր լինելով նաև նրանց կորցրած ապագային: Լավագույնները միայն ներկաները չեն. դուք լավագույնների ներկայացուցիչն եք, քանի որ մենք ունենք հրաշալի երիտասարդություն և ուսանողություն: Դուք պետք է գիտակցեք, որ այս երկրի իրական տերն եք ու մեր երկիրը տանելու եք դեպի զարգացում և հզորացում: Անվտանգությունը սկսվում է կրթությունից. մտքով ու գաղափարով պետք է ապահովենք մեր անվտանգությունը»,- նշել է Վահրամ Դումանյանը՝ ուսանողներին մաղթելով անսպառ եռանդ, բարձր պատասխանատվություն, սեր և նվիրում նախընտրած ոլորտում։

Միջոցառման մասնակիցներին ողջունել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ, մրցութային հանձնաժողովի նախագահ Արթուր Մարտիրոսյանը՝ նշելով, որ հանձնաժողովը դժվարությամբ է ընտրել լավագույններին, քանի որ մրցույթն անցել է բավականին մրցակցային պայմաններում. «Չնայած մեր երկրին պատուհասած մարտահրավերներին՝ համավարակին և Արցախյան գոյամարտին, այդուհանդերձ, որոշում կայացրեցինք անցկացնել մրցույթը, քանի որ հատկապես նման իրավիճակում կարևոր է ընդգծել գիտելիքի դերը, իսկ այս մրցույթը հենց դրա մասին է: Հիմա, առավել քան երբևէ, ուսանողները պետք է լավ սովորեն՝ կիրթ ու կարողունակ հասարակություն և զարգացած պետություն ունենալու համար»:

Մրցութային հանձնաժողովի անդամ, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը ներկայացրել է, թե ինչպես և ինչ սկզբունքով են ընտրել լավագույններին։ Լավագույնը ճանաչված ուսանողներին ողջունել ու շնորհավորել են նաև Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պարտականությունները կատարող Ռուբեն Աղգաշյանը:

Նշենք, որ մրցույթն անցկացվել է ըստ կրթական աստիճանների` բակալավր ու մագիստրոս, և ըստ 7 ոլորտների՝ բնագիտություն, հասարակագիտություն, հայագիտություն, հումանիտար, բժշկություն, ճարտարագիտություն և մշակույթ-սպորտ: Մրցույթում հաղթող են ճանաչվել 38 ուսանողներ, որոնք ներկայացրել են հանրապետության 16 բուհ: 1-ին տեղ է գրավել 13 ուսանող, որոնց կշնորհվի 415.000 դրամ, իսկ 2-րդ տեղ՝ 13 ուսանող, որոնք կստանան 305.000 դրամ կրթաթոշակ: 3-րդ հորիզոնականը զբաղեցրած 12 ուսանողի կշնորհվի 220.000 դրամ կրթաթոշակ: Բացի դրանից՝ ուսանողների համար նախարարությունը պատրաստել էր նվերներ՝ գրքերի տեսքով, որոնք տպագրվել են գերատեսչության դրամաշնորհներով:

Վերստին շնորհավորում ենք մեր ուսանողուհուն և մաղթում նորանոր նվաճումներ:

Նյութն ամբողջությամբ հասանելի է ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքում:

Նյութի աղբյուրը՝ https://escs.am/am/news/7995:

ԲՊՀ ուսանողուհի Աստղիկ Խաչատրյանը «Հանրապետության լավագույն ուսանող 2020» մրցույթին հասարակագիտություն ոլորտում զբաղեցրել է 3-րդ տեղը
  • Նորություններ
  • Բուհական
  • Համագործակցություն
  • Միջազգային
  • Մեր մասին
  • Բոլորը

Ապրիլի 9-ին «Դոմ Մոսկվի» մշակութագործարարական կենտրոնում տեղի է ունեցել ...

13.04.2021

Մասնագիտական վերապատրաստման անվճար դասընթացներն իրականացվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Դոմ Մոսկվի» Երևանում մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի և Վ. Բրյուսովի անվան ...

ԲՊՀ երեք ուսանող մասնակցել են «ՀԻՐՇՄԱՆ» ծրագրին և ստացել կրթաթոշակ

07.04.2021

Նախաձեռնության նպատակն է ապահովել անխափան ուսումնառություն Երևանի և Գյումրու բուհերում ուսանող տարեկան 30-40 երիտասարդի համար, ինչպես նաև հնարավորություն ընձեռել նրանց մասնակցելու Հայաստանի համայնքների ...

«Բացահայտենք մեր գանձերը» ծրագրի շրջանակներում իրականացվեց այց Ալ. Թամանյանի ...

06.04.2021

Վարդան Ասծատրյանը և Նարեկ Վան Աշուղաթոյանը այցի շրջանականերում նաև կարդացին դասախոսություն այցելուների համար։

Մարտ ամսվա ընթացքում իրականացվել են տեղեկատվական հանդիպումներ Երևանի մի շարք ...

06.04.2021

Մարտ ամսվա ընթացքում իրականացվել են տեղեկատվական հանդիպումներ Երևանի թիվ 112, 97, 109 դպրոցների և այլ հաստատությունների հետ, ինչպես նաև ԲՊՀ-ում հյուրընկալվել են մի շարք դպրոցների, քոլեջների ...