Ս.թ. նոյեմբերի 15-17-ը Էրազմուս+ ARMDOCT /Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան/ ծրագրի շրջանակներում Իտալիայի Հանրապետության Տերամոյի համալսարանում կայացավ եռօրյա աշխատաժողով։ «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամն աշխատաժողովին ներկայացրեցին Գիտության բաժնի պետ Նազելի Նավասարդյանը, Անգլերենի հաղորդակցման և թարգմանության ամբիոնի վարիչ Գայանե Հովհաննիսյանը, Լեզվաբանության և հաղորդակցման տեսության ամբիոնի վարիչ Լիլիթ Բադալյանը և Գիտական քարտուղար Հասմիկ Փիլավջյանը։

Աշխատաժողովը նպատակաուղղված էր դոկտորական կրթության կազմակերպման եվրոպական, մասնավորապես՝ իտալական փորձի և զարգացման միտումների ուսումնասիրմանը, ինչպես նաև ՀՀ բուհերում և գիտահետազոտական կազմակերպություններում դոկտորական դպրոցների ստեղծման հնարավորությունների ու առկա մարտահրավերների շրջանակին, այդ թվում՝ ինստիտուցիոնալ մակարդակում երրորդ աստիճանի կրթության բարոփոխման առանձնահատկություններին և դրա լավարկման մեխանիզմներին:

Ի թիվս դոկտորական դպրոց-հետազոտություն և արդյունաբերություն կապի, որակի ապահովման և կայուն զարգացման, դոկտորական համակարգում նորարարական ձեռքբերումների խնդիրներին՝ աշխատաժողովում ներկայացվեցին և քննարկվեցին նաև ARMDOCT-ի շրջանակներում ՀՀ բուհերում և ՀՀ ԳԱԱ ինստիտուտներում իրականացվող փորձարարական դոկտորական դպրոցների նախագծերը։ Աշխատաժողովին Գայանե Հովհաննիսյանը ծրագրի ազգային և միջազգային գործընկերներին ներկայացրեց նաև ԲՊՀ աշխատանքային խմբի կողմից մշակված ԲՊՀ փորձարարական դոկտորական դպրոցի հայեցակարգը և դրա շրջանակներում մեկնարկող «Հաշվողական լեզվաբանություն» առաջին դոկտորական ծրագիրը։

Հիշեցնենք, որ ԲՊՀ-ն՝ որպես «Հայաստանի դոկտորական կրթության բարեփոխումը ակադեմիայի, արդյունաբերության և ԵՄ փորձին համապատասխան ARMDOCT (ԱՐՄԴՈԿՏ)» ծրագրի կոնսորցիումի անդամ համակարգել է ՀՀ Բարձրագույն կրթության երրորդ աստիճանի բարեփոխումներին առնչվող իրավական փաստաթղթերի մշակման ծրագրի 2-րդ աշխատանքային փաթեթը։

ԲՊՀ աշխատանքային խումբը Armdoct ծրագրի շրջանակում մասնակցեց Տերամոյի համալսարանում կայացած աշխատաժողովին