ԲՊՀ-ում տրվեց Սեջոնգի դպրոցի մեկնարկը

Երեկ՝ սեպտեմբերի 15-ին, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում տրվեց Երևանում Սեջոնգի դպրոցի և դրա շրջանակներում կազմակերպվող դասընթացների մեկնարկը:

Բացման խոսքով հանդես եկավ ԲՊՀ ռեկտոր Կարինե Հարությունյանը: Նա ողջունեց բոլոր ներկաներին, անձամբ իր և ԲՊՀ ողջ անձնակազմի անունից շնորհավորեց Սեջոնգի դպրոցի մեկնարկի կապակցությամբ: Իր խոսքում Կ. Հարությունյանը կարևորեց կորեերենի և կորեական մշակույթի նկատմամբ աճող հետաքրքրությունը նաև ԲՊՀ դիմորդների շրջանում, ինչի վառ ապացույցը 2020-2021 ուս. տարում 100-ից ավելի դիմորդների առկայությունն էր «Թարգմանչական գործ» կորեերեն-հայերեն մասնագիտության գծով:

Հայաստանում Սեջոնգի դպրոցի տնօրեն Փակ Հի Սուն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց ռեկտոր Կ. Հարությունյանին և Արտաքին կապերի վարչության պետ Քրիստինա Ծատուրյանին՝ դպրոցի բացման ուղղությամբ կատարված աշխատանքի և ներդրված ջանքերի համար: Փակ Հի Սուի խոսքով՝ Սեջոնգի դպրոցը հենց Կորեայի կառավարության կողմից կառավարվող դպրոց է, և դպրոցի բացումը շատ կարևոր է ՀՀ-ի և Կորեայի Հանրապետության համար: Նա հավելեց. «Սա դպրոց է Կորեան սիրողների համար, և այսուհետ հենց այս դպրոցի միջոցով կկարողանաք սովորել մեր լեզուն և մշակույթը: Մեր լավագույն աշակերտները հնարավորոթյուն կունենան Կորեա մեկնել, եթե իհարկե համավարակի հետ կապված սահմանափակումներն ավարտված լինեն»:

Հավելենք, որ Սոջենգի դպրոցի շրջանակներում կա ծրագիր, որով նախատեսվում է հրավիրել կորեացի դասախոսների՝ լեզվակիրների կողմից ուսուցումն ապահովելու նպատակով: Դպրոցի աշակերտներին դասընթացի ավարտին տրվելու են վկայականներ, որոնք, ըստ կորեական կողմի, մեծ դեր են ունենալու նրանց ապագայում: Սովորողները Սեջոնգի դպրոցի շրջանակում կսովորորեն ոչ միայն  կորեերեն, այլ նաև հնարավորություն կունենան ծանոթանալ Կորեայի մշակույթին:

Միջոցառման ավարտին ներկա սովորողներին ներկայացրին իրենց ուսուցիչներին:

ԲՊՀ-ում տրվեց Սեջոնգի դպրոցի մեկնարկը