Ս. թ. հուլիսի 23-ին ԲՊՀ-ում հյուրընկալվեցին Թավրիզի պետական համալսարանի միջազգային և գիտական համագործակցության բաժնի պետ Սայիդ Շոջային և նույն համալսարանի Կովկասի, Անատոլիայի և Միջին Ասիայի հետազոտությունների հաստատության մտավոր կենտրոնի տնօրեն Ահմադ Ֆարշբաֆիանը:

Այցի նպատակը դեռևս երկու տարի առաջ ձեռքբերված պայմանավորվածությունների թարմացումն էր ու նոր համագործակցության խթանումը: Սայիդ Շոջային նշեց, որ աշխարհագրական դիրքը և մշակութային կապերի ընդհանրությունները ստիպում են չբավարարվել եղածով և համագործակցության նոր ուղիներ զարգացնել: Նա ընդգծեց ԲՊՀ-ի տեղը և դերը ՀՀ-ում գոյություն ունեցող Իրանագիտության կենտրոնների շարքում՝ վերջինիս վերագրելով շատ կարևոր տեղ: 

Իրանական կողմը մանրամասն ներկայացրեց Թավրիզի համալսարանը՝ ընդգծելով, որ այն Արևելքի 7 մեծ համալսարաններից մեկն է, Իրանում՝ 5 լավագույն համալսարաններից է, ունի գրեթե 25 000 ուսանող: 

 

ԲՊՀ արտաքին կապերի և միջազգային համագործակցության բաժնի պետ Կ. Պետրոսյանը պատրաստակամություն հայտնեց կյանքի կոչել բոլոր պայմանավորվածությունները՝ ընդգծելով, որ մեր բուհը պատրաստ է պահպանել եղած համագործակցային կապերը և ընդլայնել դրանք:

Իրանական կողմից առաջարկ եղավ հյուրընկալել ԲՊՀ դասախոսների խմբի՝ հետազոտական աշխատանքների և փորձի փոխանակման նպատակով: Քննարկվեցին նաև համատեղ հոդվածների տպագրության հեռանկարները:

Ուսանողների մասով իրանական կողմից առաջարկ եղավ ամառային, աշնանային 10-12-օրյա դպրոցներ կազմակերպել և հրավիրել հայ ուսանողների՝ զարգացնելու պարսկերենի իմացությունը: Ընդգծվեց, որ այդ դպրոցների անցկացման հիմնական լեզուն կլինի անգլերենը, սակայն պարսկերեն սովորող ուսանողները լրացուցիչ հնարավորություն կունենան կատարելագործելու գիտելիքները:

Կողմերը պատրաստակամություն հայտնեցին առաջիկայում ավելի ակտիվորեն քննարկել և առաջարկներ ներկայացնել ձեռքբերված պայմանավորվածությունների վերաբերյալ:  

 

ԲՊՀ-ում հյուրընկալվեցին Թավրիզի պետական համալսարանի ներկայացուցիչները