Ս. թ. օգոստոսի 30-ին մեր համալսարանում հյուրընկալվեցին Պերուջայի համալսարանի (Իտալիա) ռեկտոր Վալերիո Դե Չեզարիոն, Իտալերենի գնահատման և հավաստագրման կենտրոնի ղեկավար Բ. Սամուն, Պերուջայի համալսարանի միջազգային բաժնի ղեկավար Վ. Սերին:

ԲՊՀ ռեկտոր Դ. Գյուրջինյանը ողջունեց հյուրերին՝ ներկայացնելով Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը, վերջինիս պատմությունը, մասնագիտությունները և առանձնահատկությունները: Դ. Գյուրջինյանը ներկայացրեց, որ նախկինում իտալերենի նկատմամբ հետաքրքրությունն ավելի մեծ է եղել, քան այսօր: Ներկայացրեց բուհում իտալերեն ուսումնասիրողների քանակը (մոտ 200 ուսանող) և ընդգծեց, որ մեր բուհը պատրաստ է շարունակել համագործակցությունը Պերուջայի համալսարանի հետ՝ թարմացնելով համագործակցությունը:

Ողջունելով հյուրերին և խոսելով իտալերենի նկատմամբ հետաքրքրության նվազման մասին՝ Ուսումնագիտական աշխատանքների հարցերով պրոռեկտոր Դ. Ղազարյանն առաջարկեց նոր կրթական ծրագրեր մշակել, որոնք կլինեն երկլեզու՝ իտալերենին զուգահեռ ընդգրկելով այլ օտար լեզու: Նա ընդգծեց, որ բուհը դրա հաջողված փորձն ունի. վերջին տարիներին բուհը երկլեզու մանկավարժներ է պատրաստում:

Պերուջայի համալսարանի ռեկտոր Վալերիո Դե Չեզարիոն իր հերթին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ Հայաստան այցելելու իրենց պլաններում ԲՊՀ այցելելն ամենակարևոր առաջնահերթություններից է եղել: Նա համաձայնեց իտալերենի նկատմամբ հետաքրքրության փոքր-ինչ նվազման փաստի հետ՝ ընդգծելով, որ դա նկատելի է նաև մյուս բուհերում: Նա հատուկ շեշտեց, որ ուսանողները լեզու ընտրելիս հետագայում լավ աշխատանք գտնելն են կարևորում ու, այս իմաստով, Իտալիան թվում է անհասանելի, բայց դա ճիշտ չէ, քանի որ իտալերենը իրականում կարող է շատ դռներ բացել ուսանողների առջև աշխատանքի առումով.

 

«Այժմ իտալերենի դասավանդումը մենք տարածում ենք ոչ միայն լեզվի շրջանակներում, այլ նաև այն ամենի, ինչն արտադրվում է Իտալիայում, հաշվի է առնվում նաև զբոսաշրջությունը, նաև մի շարք այլ ոորտներ: Այս ամենը կարևոր է նաև երկրների հարաբերությունների աճի առումով: Ահա այս ամենով հանդերձ պետք է մեծացնել իտալերենի կարևորությունը օտարերկրյա ուսումնառողների համար»: Նա շեշտեց, որ այս պահին Իտալիայի կառավարության տարբեր մարմիններ զբաղվում են այս խնդրով՝ առաջարկելով նաև ուսանողների պրակտիկան կազմակերպելու հարցում օգնել բուհին՝ կապելով տարբեր միջազգային կազմակերպությունների հետ և այլն:    

 Դ. Գյուրջինյանը շեշտեց, որ անկախ մյուս ոլորտներից, անշուշտ բուհի համար կարևոր է իտալերենի առաջնային, այն է՝ գրականության ու մշակույթի լեզու լինելը և ողջունեց բազմակողմ համագործակցությունը:

Խոսվեց նաև ուսանողների փոխանակման ծրագրերի ընդլայնման մասին, իտալացի գործընկերները նշեցին, որ այս պահին երեք ամսով իրենց համալսարանում ուսումնառում են ԲՊՀ երկու ուսանողուհիներ, որոնք լավագույնն են ճանաչվել միջազգային մրցույթում

ԲՊՀ-ում հյուրընկալվեց Պերուջայի համալսարանի ռեկտոր Վալերիո Դե Չեզարիոն