ԲՊՀ-ի ուսանողների այցը Հայաստանի Զորյան ինստիտուտ

Մարտի 16-ին ԲՊՀ-ի Ռուսաց և օտար լեզուների (ՌՕԼ) ֆակուլտետի մի շարք ուսանողներ, ԲՊՀ-ում թուրքերենի դասախոս Մելինե Անումյանի ուղեկցությամբ, այցելեցին Հայաստանի Զորյան ինստիտուտ։

Հայաստանի Զորյան ինստիտուտի գործադիր տնօրեն Մարի Հովհաննիսյանը ուսանողներին ծանոթացրեց ինստիտուտի կառուցվածքի և արտերկրում ու Հայաստանում այս հաստատության գործունեության հետ։ Մարդու իրավունքների և ցեղասպանությունների ուսումնասիրությամբ զբաղվող Զորյան ինստիտուտը հիմնադրվել է 1982 թ․ ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում և 1984 թ․՝ Կանադայի Օնտարիո նահանգի Տորոնտո քաղաքում, իսկ Հայաստանում Զորյան ինստիտուտի մասնաճյուղը բացվել է 2020 թ․։

Մ․ Հովհաննիսյանը հատկապես մանրամասն ներկայացրեց Զորյան ինստիտուտին առընթեր Ցեղասպանության և մարդու իրավունքների ուսումնասիրության միջազգային համալսարանի կազմակերպած «Ցեղասպանագիտության և մարդու իրավունքների համալսարանական ծրագիրը», որի շրջանակներում 4-րդ կուրսի ուսանողներին կամ բակալավրիատն ավարտածներին հնարավորութուն է ընձեռվում Կանադայում մասնակցել ցեղասպանագիտության և մարդու իրավունքների թեմայով երկշաբաթյա դասընթացի։

Ուսանողները ծանոթացան Զորյան ինստիտուտի 40-ամյա գործունեությանը, գիտական հրատարակություններին և ներկայիս ծրագրերին։ Հանդիպման ավարտին ուսանողները հարցուպատասխանի միջոցով մանրամասն տեղեկացվեցին վերոհիշյալ երկշաբաթյա ծրագրի մասին։

ԲՊՀ-ի ուսանողների այցը Հայաստանի Զորյան ինստիտուտ