Ս.թ. մայիսի 23-ին Կառավարման ամբիոնը բաց դասախոսություն էր կազմակերպել մագիստրատուրա 1-ին կուրսի առկա և 2-րդ կուրսի հեռակա ուսուցման համակարգում սովորող ուսանողների համար, որը վարում էր ՀՀ ՊԵԿ մեթոդաբանության վարչության հարկային գլխավոր տեսուչ Գոհար Միքաելյանը։ Դասախոսությունն ուղղված էր ՀՀ պետական կառավարման համակարգին և ՊԵԿ գործունեությանը: Ներկայացվեց ՀՀ պետական համակարգը, կառուցվածքը, այդ թվում՝ գործադիր, օրենսդիր և դատական մարմինները, յուրաքանչյուր մարմնի գործունեությունը: Ուսանողները ծանոթացան ՀՀ նախարարությունների տեսակներին, վերջիններիս հիմնական գործառույթներին:

Հանդիպումը ինտերակտիվ էր, հագեցած հարց ու պատասխանով, ուսանողները տալիս էին իրենց հուզող տարատեսակ հարցեր և ստանում համապատասխան պատասխաններ։ Պետական համակարգից անցում կատարելով հարկային համակարգին՝ տիկին Միքաելյանը խոսեց ՀՀ հարկային համակարգից, մասնավորապես՝ ՀՀ հարկային օրենսգրքից, հարկերի տեսակներից, հարկերի գանձման գործընթացից: Բանախոսը ներկայացրեց մի քանի կրթական ծրագրեր, բնակարանաշինության ծրագրեր և վերջիններիս կարևորությունը ժողովրդագրության համատեքստում:

 

Անդրադարձ կատարվեց նաև պետական աշխատողների աշխատավարձին, հավելավճարին, պարգևավճարին, դրանց սահմանման եղանակներին, օրենքներին։ Հաջորդիվ քննարկվեցին մաքսային համակարգը, մաքսային համակարգի առկա խնդիրները, անդրադարձ կատարվեց հասարակության կողմից բարձրաձայնվող բողոքներին, որոնք, ինչպես պարզվեց, մեծ մասամբ առաջանում են  անտեղյակության  կամ վատ տեղեկացված լինելու արդյունքում։ Դասախոսության ամփոփման հատվածում ուսանողների հետ քննարկվեց պետական մտածելակերպի, որպես քաղաքացի պետության և հայրենիքի հանդեպ պատասխանատվություն կրելու հանձնառության, նոր սերնդի դաստիարակության մեջ ավագ սերնդի դերի և հայրենասիրության անկեղծ դրսևորումների մասին։

Դասի ավարտին ուսանողները կիսվեցին իրենց տպավորություններով՝ հույս հայտնելով, որ նման դասախոսություններ կկրեն շարունական բնույթ։

Բաց դասախոսություն՝ Կառավարման ամբիոնի ուսանողների համար