Ս. թ. նոյեմբերի 20-ին ԲՊՀ էր այցելել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավոր Հասմիկ Հակոբյանը:

Նա հանդիպեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և ԲՊՀ-ում կրթությունը շարունակող ուսանողների հետ, ծանոթացավ նրանց խնդիրներին, հետաքրքրվեց, թե ինչ դժվարությունների են հանդիպել ՀՀ կրթական համակարգին ինտեգրման ճանապարհին:

Ուսումնագիտական աշխատանքների հարցերով պրոռեկտոր Դ. Ղազարյանը մանրամասն ներկայացրեց, թե ինչպես է տեղի ունեցել ուսանողների կցագրումը, դյուրացված ինչ ընթացակարգերով է բուհն առաջնորդվել՝ տեղահանված ուսանողների համար լրացուցիչ հոգեբանական դժվարություններ չստեղծելու համար:

Ուսանողներն իրենց հերթին փաստեցին, որ բուհում խոչընդոտների չեն հանդիպել և բնականոն հունով այցելում են դասերին ու շարունակում իրենց ուսումնառությունը:

Հ. Հակոբյանը ներկայացրեց ՀՀ Կառավարության կողմից առաջարկվող ծրագրերը, քննարկվեցին ուսման վարձերին, զբաղվածությանը, հետագա աշխատանքային հնարավորություններին վերաբերող և մի շարք այլ հարցեր:

Հանդիպման ավարտին ուսանողներն ու պատգամավորը փոխանակվեցին կոնտակտային տվյալներով և պայմանավորվեցին հանդիպումները դարձնել շարունակական:

ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյանը հանդիպեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ԲՊՀ ուսանողներին