Ս. թ. դեկտեմբերի 1-ին և 2-ին տեղի ունեցավ «ԹՎԱՅԻՆ ԲԻԶՆԵՍ» բիզնես գաղափարների ամենասպասված մրցույթը։

Ներկայացվեց 24+ բիզնես գաղափար թե՛ առցանց, թե՛ առկա ձևաչափով, տեղի ունեցավ նորարարական 10+ եզակի բիզնես գաղափարների ներկայացում, ինչպես նաև եղան հայաստանյան լավագույն ընկերությունները ներկայացնող փորձագետների ելույթներ:

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը, լինելով կոնսորցիումի անդամ, նաև միջոցառման կազմակերպիչն էր: 

Միջոցառման բացմանը երույթով հանդես եկավ ԲՊՀ ուսումնագիտական աշխատանքների հարցերով պրոռեկտոր Դ. Ղազարյանը. «Ողջունում եմ բոլոր ներկաներին՝ բարի գալուստ մաղթելով մեր արտերկրյա մասնակիցներին, հյուրերին: Խորին շնորհակալությունս եմ հայտնում CONNECT ծրագրի համակարգող Ե. Սիմչյուկին, մեր բոլոր գործընկեր համալսարաններին, այս ծրագրի ղեկավարներին, որոնց աջակցությամբ ծրագիրը կյանքի է կոչվել: CONNECT ծրագրի աշխատանքային քննարկումների արդյունքում ես լիահույս եմ, որ մենք կվերանայենք մեր կրթական ծրագրերը, հատկապես մագիստրոսական կրթական ծրագրերը, որտեղ պարտադիր պետք է դրվի այն բաղադրիչը, որն ուսանողների մոտ կարող է զարգացնել ստեղծագործական մոտեցում իրենց ապագա աշխատանքի նկատմամբ, ձեռներեցական հմտություններ, աշխատանքային կարողություններ: Հանձին Լևոն Բաբամյանի՝ շնորհակալություն եմ հայտնում բոլոր կազմակերպիչներին, մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային հանդիպում»:

 

Որպես նոր համագործակցության և ծրագրի շարունակականության դրսևորում՝ հուշագիր ստորագրվեց ԲՊՀ-ի, Գավառի և Վանաձորի պետական համալսարանների և«Արմենիան կոդ ակադեմիա» ընկերության միջև՝ նոր դասընթացներ իրականացնելու, ուսանողների հմտությունների բարձրացման, կարողությունների զարգացման, բիզնես գաղափարների առաջացման վերաբերյալ վերապատրաստումներ անցկացնելու նպատակով:

Ընդգծենք, որ մրցույթը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: Այն կազմակերպվում է ՀՀ 2 համալսարանների համագործակցությամբ՝ ԵՄ 4 գործընկեր համալսարանների (ինչպես նաև Հունաստանի 1 աքսելերատոր ընկերության) աջակցությամբ CONNECT նախագծի շրջանակներում։ Միջոցառման շրջանակում երկու ուսանող ԲՊՀ-ից և երկու ուսանող Վանաձորի պետական համալսարանից Բուլղարիա մեկնելու և կոնսորցիումի բիզնես գաղափարի ներկայացմանը մասնակցելու հրավեր ստացան:

Ամփոփվեց «ԹՎԱՅԻՆ ԲԻԶՆԵՍ» բիզնես գաղափարների ամենասպասված մրցույթը