Ամփոփվեց «Հայ մարդ, հիշի՛ր դու միշտ երկաթե շերեփը Հայրիկի» խորագիրը կրող էսսեների մրցույթը

Սեպտեմբերի 19-ին ԵՊԼՀ-ի նիստերի փոքր դահլիճում տեղի ունեցավ հանդիպում ԵՊԼՀ-ի շրջանավարտների միության անդամ Տիգրան Սահակյանի հետ, որի ընթացքում ամփոփվեց մեր շրջանավարտի հերթական նախաձեռնություններից մեկը: Այս անգամ ԵՊԼՀ շրջանավարտի հովանավորությամբ անցկացվել էր էսսեների մրցույթ, որը կրում էր «Հայ մարդ, հիշի՛ր դու միշտ երկաթե շերեփը Հայրիկի» խորագիրը: Ուսանողները կարող էին գրել իրենց էսսեները՝ մեկնաբանելով վերոնշյալ միտքը սեփական պատկերացումների հիման վրա:

Լավագույն երեք հորիզոնականներում հայտնված էսսեների հեղինակները ստացան սերտիֆիկատ և 500, 400 և 250-ական դոլար դրամական պարգև՝ համապատասխանաբար: Տիգրան Սահակյանի խոսքով՝ կարևորն էսսեներում ամփոփված միտքն ու գաղափարն է. ‹‹50-ից ավելի էսսեներ ենք ստացել, սակայն ամենակարևորը մեզ համար ոչ թե փաստերի կամ պատմական տվյալների արձանագրումն էր, այլ՝ Ձեր լեզվական կարողությունների հետ մեկտեղ դրսևորված ընկալումներն ու պատկերացումները››,- նշեց ԵՊԼՀ-ի շրջանավարտը:

 

Լավագույն էսսեների հեղինակներն են ԵՊԼՀ-ի ուսանողուհիներ Քնարիկ Սանասարյանը, Իրինա Բարսեղյանը, Ռիմա Սիմոնյանը, Քնարիկ Հուսիկյանը, Անի Գևորգյանը, Օֆելի Մուրադյանը, Դիանա Հակոբյանը, Քնարիկ Կարամինասյանը և Արփինե Եսայանը:

 Լավագույն էսսեները կտպագրվեն, ինչպես նաև կհրապարակվեն առցանց հարթակում:

Հավելենք, որ ԵՊԼՀ-ի շրջանավարտների միության անդամ Տիգրան Սահակյանի նման նախաձեռնությունները լինելու են շարունակական և հնարավորություն են տալու ԵՊԼՀ-ի այլ ուսանողների ևս փորձել իրենց ուժերը: