Ս. թ. սեպտեմբերի 20-ին ԲՊՀ-ում հյուրընկալվեցին «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի պրոռեկտոր Վ. Պանովան և Գործընկեր երկրների ու կազմակերպությունների հետ հատուկ ծրագրերի կենտրոնի ղեկավար Վ. Գորբաչյովան:

Հյուրերը ողջունեցին ԲՊՀ-ի և «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի միջև առկա համագործակությունը, և քննարկվեցին Նիժնի Նովգորոդի մասնաճյուղի հետ նոր համագործակցության հուշագրի կնքման մանրամասները, որտեղ նախատեսվում են համագործակցության ուղղությունների լրացում, և որոշ փոփոխություններ ուսանողների փոխանակման համատեքստում:

 

ԲՊՀ ռեկտոր Կ. Հարությունյանն իր հերթին ողջունեց ներկաներին, ներկայացրեց փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մասնագիտությունների ու կրթական ծրագրերի ցանկը: Քննարկվեց համատեղ հետազոտական ծրագրերի իրականացումը, ինչպես նաև դասախոսների փոխանակման և շարժունության հնարավորությունը: Նախնական համաձայնություն ստեղծվեց հստակեցնել համապատասխան առարկաների ցանկը, և գործուն քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:

Կ. Հարությունյանը ներկայացրեց «Հաշվողական լեզվաբանություն» մասնագիտության բակալավրական կրթական ծրագիրը՝ որպես մեր համալսարանի և Հայդելբերգի համալսարանի համագործակցության հաջողված փորձ, ներկայացրեց «Կորպուսային լեզվաբանության» առարկայի առավելությունները, և առաջարկեց նորարարական նման ծրագիր քննարկել նաև «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի հետ, այս դեպքում՝ ռուսաց լեզվի թարգմանության համանման կորպուսների ստեղծման մասով:

Ներկայացվեց նաև ԲՊՀ-ի կողմից հաջորդ ուսումնական տարվանից սկսած միաժամանակ 2 օտար լեզվի մասնագետների պատրաստման ուղղված կրթական ծրագրերի գործարկումը, ինչը մեծապես ողջունվեց:

Ընդգծվեց, որ մեր ուսանողները բոլոր ֆակուլտետներում հնարավորություն ունեն սովորելու անվազն երկու օտար լեզու՝ անկախ մասնագիտությունից:

«Տնտեսագիտության բարձրագույն դպրոց»-ի ներկայացուցիչները հյուրընկալվեցին ԲՊՀ-ում