Ս. թ. դեկտեմբերի 25-ին ԲՊՀ մեծ դահլիճում տեղի ունեցավ «Քեզ հետ, քեզ համար» խորագրով երեկո՝ նվիրված Արցախյան երկրորդ պատերազմի հերոսներին։

Երեկոյի սկզբում ելույթով հանդես եկավ ռեկտոր Կ. Հարությունյանը և խնդրեց բոլորին նախ մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել մեր անմահացած հերոսների հիշատակը, ապա նաև ողջունեց ներկաներին, շնորհակալություն հայտնեց ԲՊՀ բոլոր ուսանողներին և անձնակազմի ներկայացուցիչներին, ովքեր անխոնջ կերպով օր ու գիշեր իրենց նվիրումն են բերել պատերազմական օրերին թե՛ թիկունքում կատարվող աշխատանքների տեսքով, թե՛ լինելով ռազմի դաշտում և կռիվ տալով թշնամուն դեմ հանդիման:

 

Երեկոյի ընթացքում հնչեցին հատվածներ Մուրացանի, Համո Սահյանի, Ուիլյամ Սարոյանի, Հովհաննես Գրիգորյանի, Հուսիկ Արայի, Սյունե Սևադայի, Պետրոս Հոկտանյանի, Էռնեստ Հեմինգուեի և Էրիխ Մարիա Ռեմարկի ստեղծագործություններից։

Ներկա էին ԲՊՀ ղեկավար կազմը, ռեկտորատի անդամները, ամբիոնների, դեկանատների, տարբեր բաժինների աշխատակիցներ, ուսանողներ։ Պատիվ ունեինք հյուրընկալելու պատերազմի մասնակիցներ Արման Հայրապետյանին, Դավիթ Մսրյանին, Հայկ Թորոսյանին, Նարեկ Մկրտչյանին, Մկրտիչ Փամբակյանին, Տարոն Նիկողոսյանին, Վլադ Հովակիմյանին, Էդգար Մարկոսյանին, Ռոման Ավդոյանին և Սրբուհի Սիմոնյանին։

«Շնորհակալություն նվիրվածության, խիզախության և քաջության համար: Ձեր սխրանքը հավերժ մեր սրտերում է»,- իր խոսքում ասաց ԲՊՀ ռեկտորի խորհրդական Մարինա Աբրահամյանը։

Հավելենք, որ երեկոն կազմակերպել էր ԲՊՀ Ուսանողական խորհուրդը Մշակույթի և սպորտի հանձնաժողովի գլխավորությամբ։

«Քեզ հետ, քեզ համար»