Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը նոյեմբերի 1-ին Գյումրիում կազմակերպել է «Մասնագիտությունների օր» ծրագիրը, որը նպատակ ուներ բարձրացնել Շիրակի մարզի երիտասարդների իրազեկվածությունը կրթական ու մասնագիտական ընտրությունների մասին։ Միջոցառման ընթացքում մասնակիցները կարողացան ծանոթանալ տարբեր մասնագիտությունների, համալսարանի կրթական ծրագրերի ու ուղղությունների հետ՝ ստանալով կարևոր տեղեկատվություն և խորհրդատվություն իրենց ուսումնական ու մասնագիտական ուղու վերաբերյալ։
Ծրագիրը նպատակ ուներ ուսանողներին ու համայնքի երիտասարդներին ներկայացնել կրթական ծրագրերը, կարիերայի զարգացման և մասնագիտական ընտրության հարցերով խորհրդատվություն, կապեր ստեղծել ուսանողների, շրջանավարտների և գործատուների միջև։
«Մասնագիտությունների օր»-ը նախատեսել էր նաև համայնքային ակտիվ ներգրավում, ինչը կօգնի երիտասարդներին ոչ միայն ընտրել իրենց կրթական և մասնագիտական ուղին, այլև ձեռք բերել արժեքավոր կապեր՝ դառնալով Շիրակի մարզի կրթական և տնտեսական զարգացման մասնակից։ Միջոցառումը նպաստում է համայնքի ներգրավվածությանը, խթանում տեղական երիտասարդության մասնագիտական աճը և նպաստում մարզում աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստմանը։