«Մասնագիտությունների օր 2020»-ի շրջանակում ԲՊՀ-ն Արագածոտնի մարզում էր   

2020 թ.-ի դեկտեմբերի 11-ին Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը «Մասնագիտությունների օր 2020» ծրագրի շրջանակներում կազմակերպել է այցելություններ Արագածոտնի մարզի Աշտարակ և Ապարան քաղաքներ, ինչպես նաև Քուչակ համայնքներ՝ հանդիպելու դպրոցականների հետ: ԲՊՀ-ի աշխատանքային խմբերը բաղկացած էին բուհի պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմից, ուսանողներից:

Ներկայիս մրցակցային պայմաններում աշակերտները հաճախ դժվարանում են մասնագիտության և բուհի ընտրության հարցում: «Մասնագիտությունների օր 2020» ծրագիրը աշակերտների մասնագիտական կողմնորոշմանն ուղղված և արդեն իսկ ավանդական դարձած այցելություն-հանդիպումների շարք է Երևանի և մարզերի ավագ դպրոցների աշակերտների համար։

Աշտարակի, Ապարանի և Քուչակի աշակերտները մեծ ոգևորությամբ ընդունեցին համալսարանի ներկայացուցիչներին: Հանդիպման ժամանակ ներկայացվեցին ԲՊՀ ընդունելության կարգը, բակալավրական և մագիստրոսական ծրագրերը, ինչպես նաև բուհի կողմից առաջարկվող այլ կրթական հնարավորությունները։ Բուհի դասախոսները պատասխանեցին ուսումնական գործընթացին վերաբերող տարբեր հարցերի։ Ուսանողները հնարավորություն ունեցան կիսվելու իրենց ուսանողական կյանքով, ներկայացնելու իրենց մասնագիտությունները, համալսարանում իրենց փորձառությունը և շատ ավելին։

«Մասնագիտությունների օր» ծրագիրը կրում է շարունակական բնույթ և կշարունակվի նաև 2021 թվականի ընթացքում: Ծրագիրն իրականացվում է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի Կոնֆուցիուսի ինստիտուտի աջակցությամբ:

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը մասնագիտական խորը գիտելիքների, կարողությունների և հմտությունների զարգացման միջոցով պատրաստում է որակյալ և աշխատաշուկայում մրցունակ մասնագետներ լեզվաբանության, թարգմանչական գործի, միջմշակութային հաղորդակցության, մանկավարժության, հասարակական գիտությունների, սերվիսի և զբոսաշրջության ոլորտներում:

«Մասնագիտությունների օր 2020»-ի շրջանակում ԲՊՀ-ն Արագածոտնի մարզում էր