Այսօր, սեպտեմբերի 26-ին Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում (ԵՊԼՀ) տեղի ունեցավ «Լեզուների Եվրոպական օր» ամենամյա միջոցառումը: 18 տարվա ավանդույթ ունեցող միջոցառումը նպատակ ունի խրախուսել բազմալեզվությունը, որպես միջմշակութային հաղորդակցման արդյունավետ միջոց և պատանիներին ու երիտասարդներին ներկայացնել այն լեզունները, որոնց դասավանդումը լավագույն ձևով է իրականացվում շուրջ 85-ամյա պատմություն ունեցող համալսարանում:

Միջոցառման անմիջական մթնոլորտը տարիներ շարունակ իր շուրջ է համախմբում նաև մայրաքաղաքի դպրոցականներին: Համալսարանում դասավանդվող 22-լեզվով իրենց ներկայացնող տաղավարներն այսօր արևելյան և արևմտյան մշակույթներից կազմված կոլաժի էին նմանում: Այս անգամ միմյանց հետ շփվելու հնարավորություն ունեցան Երևանի 36 ավագ դպրոցներից համալսարանում հյուրնկալվող շուրջ 600 աշակերտներ: Տաղավարներում նրանց առաջարկվում էր նաև ծանոթանալ բուհում դասավանդվող կրթական ծրագրերին:

Մասնակիցներին ողջունեց ԵՊԼՀ ռեկտոր Կարինե Հարությունյանը: Խոսելով լեզուների կարևորության մասին` նա պատանիներին և երիտասարդներին խորհուրդ տվեց հնարավորինս շատ լեզուներ ուսումնասիրել̀ այդպիսով ընդլայնելով իրենց իսկ աշխատանքային հնարավորություններն ու մասնագիտական կարողությունները:
Միջոցառմանը ներկա էր նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը, ով ողջունեց մասնակիցներին, շրջեց տաղավարներով և զրուցեց պատանիների հետ: «Լեզուների Եվրոպական օր»-ը ԵՊԼՀ-ում տարբեր երաժշտական համարներով գեղեցկացրին համալսարանի շնորհաշատ ուսանողներն ու էստոնիայից ժամանած «Ֆլորա» երգչախումբը:

Եվրախորհրդի 47 անդամ երկրների կողմից այս օրը կոչ է արվում սովորել մեկից ավելի լեզուներ և դա անել՝ ամենատարբեր տարիքներում: Սա միջոցներից մեկն է, որով Եվրախորհուրդը խրախուսում է բազմալեզվությունը Եվրոպայում`անըդհատ ընդլայնելով միջոցառման աշխարհագրությունը: