«Լեհական օրեր Հայաստանում» ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 22-ին Վ. Բրյուսովի անվան պետական ​​համալսարանում լեհերեն սովորող մեր ուսանողների համար կազմակերպվել էին 2 աշխատաժողով և մեկ դասախոսություն: Այդ օրը ԲՊՀ-ում հյուրընկալվեցին ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակը, «Պոլոնիա»՝ Հայաստանի լեհերի միության ղեկավարը, դասախոսներ Կրակովի Յագելոնիան համալսարանից:

Նախ և առաջ տեղի ունեցան երկու աշխատաժողովները: Առաջին աշխատաժողովը վարում էր ԲՊՀ-ի լեհերենի դասախոս Յոլանտա Գոժդզիկը: Վերջինս և ԲՊՀ ռուսաց և սլավոնական լեզուների ամբիոնի վարիչ Ա. Վարդանյանը հանդես եկան ողջույնի խոսքով: Աշխատաժողովին մասնակցում էին մեր համալսարանի ինչպես լեհերեն ուսումնառող, այնպես էլ զուտ հետաքրքրությունից դրդված ուսանողներ: Յո. Գոժդզիկը պատկերային ներկայացման միջոցով ուսանողներին ծանոթացրեց լեհերենի առանձնահատկություններին, ապա նաև լեհերենի դաս վարեց՝ հագեցած տարբեր առաջադրանքներով, խմբային աշխատանքներով: Աշխատաժողովին մասնակցեց և ներկաներին ողջունեց նաև «Լեհական օրեր Հայաստանում» ծրագրի ղեկավար և կազմակերպիչ Ագնեշկա Լաբենթզը: 

Երկրորդ աշխատաժողովը ավելի մշակութային էր և պատմական. մասնակիցներին տեղեկատվություն տրամադրվեց Royal Łazienki թանգարանի մասին, որը Վարշավայում գտնվող պատմամշակութային ամենահետաքրքիր հատվածներից է: Բանախոսները հենց այդ թանգարանի ներկայացուցիչներն էին:

Հաջորդիվ ԲՊՀ մեծ դահլիճում ԲՊՀ ռեկտորի,  ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակի և մյուս հյուրերի մասնակցությամբ տեղի ունեցավ հանդիպում: ԲՊՀ ռեկտոր Կ. Հարությունյանը հանդես եկավ ողջույնի խոսքով, որում մասնավորապես նշեց. «Մեզ համար մեծ պատիվ է, որ լեհական մշակույթի օրերի շրջանակներում հենց մեր բուհում են իրականացվում ուսանողների համար նախատեսված աշխատաժողովները լեհական մշակույթի, պատմության և լեզվի վերաբերյալ:

Կարծում եմ, որ այս նախաձեռնությունն  է՛լ ավելի կխթանի մեր բուհի ուսանողների հետաքրքրությունը լեհերենի հանդեպ և կամրապնդի հայ-լեհական կրթամշակութային հարաբերությունները: Հայ-լեհական դիվանագիտական հարաբերությունները հասատատվել են 1992 թվականին, բայց մեր ժողովուրդների միջև եղբայրական հարաբերությունները ունեն խոր արմատներ և ձևավորվել են դեռևս 11-րդ դարում, ինչի մասին  վկայում են պատմական աղբյուրները»: 

Ռեկտորը ընդգծեց, որ, կարևորելով  կրթական և գիտական ոլորտում հայ-լեհական կապերը՝ արդեն 20 տարի առաջ մեր համալսարանում սկսվել է լեհերենի ուսուցումը (2001-2002 ուսումնական տարվանից):

«2004 թվականին  մեր համալսրանում բացվել է լեհերենի լսարան, իսկ 2014 թվականին՝ Լեհերեն լեզվի և մշակույթի կենտրոնը:

Լեհերենի դասընթացներն իրականացվում են Ռուսաց և սլավոնական լեզուների ամբիոնի կողմից բակալավրիատի ուսանողների համար 4 կիսամյակ, և մենք պատիվ ունենք մեր համալսարանում ունենալ լեհերենի դասախոս տիկին Յոլանտա Գոժդզիկին: Նա մեծ նվիրումով է վերաբերվում իր աշխատանքին և շատ սիրված է թե՛ մեր անձնակազմի, թե՛ ուսանողների կողմից: Լեհերեն սովորող ուսանողների թիվը դեռևս մեծ չէ մեր համալսարանում, բայց լիահույս ենք, որ առաջիկայում նրանց թիվը կավելանա: Ցանկանում եմ նաև նշել, որ Լեհաստանի գիտական փոխանակման ազգային գործակալության հետ կնքված պայմանագրի շնորհիվ լեհերեն ուսումնառող մեր ուսանողներին հնարավորություն է տրվում մասնակցելու ամառային դպրոցների, ավելին՝ ուսանողներն ակտիվորեն մասնակցում են լեհական համայնքի միջոցառումներին: Այդ իսկ պատճառով ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպանությանը՝ ի դեմս դեսպանի, Լեհաստանի գիտական փոխանակման ազգային գործակալությանը և Հայաստանում «Պոլոնիա Լեհական համայնքին» լեհերենի և լեհական մշակույթի հանդեպ մեր ուսանողների հետաքրքրությունը խթանելու համար»:

Իր ելույթի ավարտին ԲՊՀ ռեկտորը հույս հայտնեց, որ մեր համալսարանի հետ համագործակցությունը կշարունակվի նաև հետագայում:

Դեսպան Պ. Չեպլակնն էլ իր խոսքում ողջունեց բոլոր ներկաներին, շնորհակալություն հայտնեց ներկայության համար, իր հաստատումը հայտնեց ԲՊՀ ռեկտորի խոսքին հայ-լեհական բարեկամական հարաբերությունների վերաբերյալ: Նա հավելեց, որ նոյեմբերին նորից նախատեսում է այցելել ԲՊՀ՝ քննարկելու ապագա համատեղ ծրագրերը:

Դեսպանի ելույթին հաջորդեց Լեհաստանի "National freedom institute"-ի (Ազգային ազատության ինստիտուտ) ղեկավար Վոյչեխ Կաչմարչիկի դասախոսությունը, որը վերաբերում էր քաղաքացիական հասարակությանը, նրա առանձնահատկություններին՝ Լեհաստանի օրինակով: Հյուրերի շարքում էին նաև դասախոսներ Կրակովի Յագելոնիան համալսարանից, ինչպես նաև «Պոլոնիա Լեհական համայնքի» ղեկավար Լիանա Հարությունյանը: 

 

 

«Լեհական օրեր Հայաստանում» ծրագրի շրջանակներում ԲՊՀ-ում տեղի ունեցան աշխատաժողովներ և դասախոսություն՝ ՀՀ-ում Լեհաստանի դեսպանի մասնակցությամբ