Դեկտեմբերի 5-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Արգենտինական կենտրոնում տեղի ունեցավ «Հիշողության փոխանցողները. հայկական սփյուռքն Արգենտինայում» խորագրով հանդիպում-քննարկումը՝ ԵՊԼՀ-ի և Արգենտինայի Ռոսարիոյի ազգային համալսարանի համագործակցության շրջանակներում: Հանդիպումը մեկնարկեց ԵՊԼՀ Արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչության ղեկավար Քրիստինա Ծատուրյանի` ներկաներին ուղղված ողջույնով և շնորհակալական խոսքով: Հանդիպմանը մասնակցում էին ԵՊԼՀ-ի Հայագիտության ամբիոնի դասախոսները, իսպաներենի դասախոսները և իսպաներեն ուսումնասիրող ուսանողները:

Ռոսարիոյի ազգային համալսարանի հայագիտության ամբիոնի պրոֆեսորներ Ֆլորենցիա և Դելֆինա Դեմիրճյանները ելույթներով հանդես եկան հետևյալ թեմաների շուրջ.

• 1916-ից 1930 թ.թ. Արգենտինայում ապաստան գտած Հայոց ցեղասպանությունը վերապրածների վկայությունները:
• Կանանց դերը Հայոց ցեղասպանության ընթացքում:

Ներկայացվեց նաև հայկական սփյուռքի դերը Արգենտինայում, համալսարանում հայագիտության կարևորության և պահպանման գործունեության մասին, հայկական հարցի շուրջ, հիշողության փոխանցման գործում իրենց կատարած հետազոտությունների և համալսարանականների շրջանում այն արդիական դարձնելուն ուղղված ջանքերի մասին։

Հանդիպումը շարունակվեց Ռոսարիոյի Ազգային համալսարանի հայագիտության ամբիոնի կողմից պատրաստված «Ցեղասպանությունը վերապրած Կիրակոս անունով երեխայի պատմությունը» կարճ փաստավավերագրական ֆիլմից հատվածի դիտումով: Այն պատմում էր բանախոսների պապի մասին, որ մանուկ հասակում վերապրել է Ցեղասպանությունը և կարողացել փրկվել` ընտանիքի հետ գաղթելով Արգենտինա: Ֆիլմը նպատակ ունի ինչպես Ռոսարիոյի համալսարանում, այնպես էլ ողջ Արգենտինայում ճանաչելի դարձնել հայոց ցեղասպանության պատմությունը,և նախատեսված է հիմնականում ծագումով ոչ հայ հանդիսատեսի համար։

Արգենտինահայ դասախոսները կիսվեցին նաև իրենց գործունեության մեջ հանդիպած դժվարությունների, Ռոսարիոյում հայկական դպրոց չունենալու, և հետևաբար հայոց լեզվի ուսուցման ավանդույթը ի կատար չածելու խնդրի մասին։ Ի պատասխան նրանց հայտնած մտահոգության` ԵՊԼՀ Հայագիտության ամբիոնի վարիչ տիկին Գայանե Գևորգյանը նրանց ուղղեց շնորհակալական խոսք հայագիտության ու ներդրման համար, և հայտնեց համագործակցության պատրաստակամություն` հայոց լեզուն Ռոսարիոյի` այժմ 40 ընտանիքներից բաղկացած հայկական համայնքին դասավանդելու, ինչպես նաև հայոց պատմության և մշակույթի պահպանմանն ու զարգացմանն ուղղված ջանքերին աջակցելու։

Հանդիպումն ավարտվեց համատեղ լուսանկարով` ջերմ և կառուցողական մթնոլորտում։

«Հիշողության փոխանցողները. հայկական սփյուռքն Արգենտինայում» խորագրով հանդիպում-քննարկում