Ս.թ. հունիսի 10-ին Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում (ԲՊՀ) տեղի ունեցավ Հայաստանի նկարիչների միության անդամ, վաստակավոր մանկավարժ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԲՊՀ դասախոս Արմեն Հարությունյանի նկարների անհատական ցուցահանդեսի բացումը և ալբոմի շնորհանդեսը: Արմեն Հարությունյանն արվեստասեր հասարակության շրջանում առավել հայտնի է Արմեն Լոռենց ստեղծագործական ծածկանվամբ: Պարոն Լոռենցն ունեցել է բազմաթիվ անհատական և խմբակային ցուցահանդեսներ ինչպես ՀՀ-ում, այնպես էլ արտերկրում:

Միջոցառմանը ելույթի խոսքով հանդես եկան ԲՊՀ ռեկտոր Դ. Գյուրջինյանը, Միջմշակութային հաղորդակցության և քաղաքագիտության ֆակուլտետի դեկանի ժ/պ Գ. Գասպարյանը, Մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի, Անգլերենի թարգմանության ամբիոնների վարիչների ժ/պ-ները, Որակի ապահովման կենտրոնի ղեկավար Ա. Շահինյանը, Հայաստանի գրողների և նկարիչների միությունների անդամ, գրականագետ, մշակութաբան Հ. Սարգսյանը և ուրիշներ:

Մեծանուն նկարչի վրձնին պատկանող երկու տասնյակից ավելի բնապատկերների միջոցով ներկաները հնարավորություն ունեցան տեղափոխվելու Հայաստանի բնաշխարհի գողտրիկ վայրեր, նկարչի աչքերով և հարուստ ներկապնակով հիանալու Լոռվա չքնաղ բնությամբ, դաշտային ծաղիկների վառ գույներով, Հայկական լեռնաշխարհով:

«Հայաստան աշխարհ» խորագրով նկարների անհատական ցուցահանդես ԲՊՀ-ում