Ս.թ. հոկտեմբերի 2-ին ԲՊՀ - ականների հյուրը հոգեբան, մանկագիր և «Օղակ» ՀԿ հիմնադիր Վերա Սիսեռեանն էր, հանդիպման թեման՝ «Լավ կյանք» ապրելու գիտությունը: Ի՞նչ դեր է խաղում հոգեբանությունը ժամանակակից մարդու կյանքում: Հոգեբանն անդրադարձավ մի շարք կարևոր խնդիրների, այդ թվում՝ ամբողջ աշխարհում ընկճվածության աճող մակարդակին:

Ըստ բանախոսի՝ մարդու հոգեբանության մեջ գեները անչափ կարևոր են, բայց նաև կարևոր է ուրախության բանաձևը ճիշտ կերպով կիրառելը: Նա ընդգծեց, որ դիմադրողականությունը, որը մեզ օգնում է հաղթահարել դժվարությունները, անհրաժեշտ է մեր գոյության համար: Պատահական չէ, որ մտքի դրվածքն ու դիմադրողականությունը ճանաչվեցին որպես անհատի առաջընթացի և ձեռքբերումների կարևոր հիմնասյուներ:

Հանդիպմանը մասնակցում էին ԲՊՀ ռեկտոր Դ. Գյուրջինյանը, ֆակուլտետների դեկաններ, դասախոսներ և ուսանողներ, որոնք ակտիվորեն մասնակցեցին քննարկմանը և հարցեր ուղղեցին բանախոսի հնչեցրած գաղափարներին:

ԲՊՀ ռեկտորը շնորհակալություն հայտնեց Վերա Սիսեռեանին՝ հրատապ թեմաների շուրջ բաց քննարկումներ կազմակերպելու համար և հույս հայտնեց, որ նման հանդիպումները կլինեն շարունակական: Հանդիպումը, հիրավի, տպավորիչ ու ուսուցողական էր:

Հանդիպում Վերա Սիսեռեանի հետ