Ծրագրի մասնակիցներին ողջունեցին Կլայպեդայի համալսարանի ռեկտոր Արթուրաս Ռազբադաուսկասը և նույն համալսարանի պրոֆեսոր, առողջապահական հետազոտությունների և նորարարությունների գիտական կենտրոնի ղեկավար Ալոնա Միքայելսոնը։
Երեք գործընկեր համալսարանի ղեկավարներն առանձին աշխատանքային հանդիպմանը քննարկեցին միջբուհական համագործակցության հնարավորությունները:
Գործընկեր համալսարանները ներկայացրեցին «Էրազմուս+» «Հայաստանի և Ռուսաստանի բարձրագույն կրթության աշխատանքահենք ուսուցման ճկուն, նորարարական և գործնական շրջանակի մշակում» ծրագրի շրջանակում կատարված աշխատանքները, աշխատանքահեն ուսուցման վերաբերյալ ուսանողների և գործատուների շրջանում անցկացված հարցումների արդյունքները, քննարկվեցին համալսարաններում աշխատանքի վրա հիմնված կրթության հնարավորությունները։
Կլայպեդայի համալսարանը, ունենալով աշխատանքահեն ուսուցման հաջողված փորձ, ներկայացրեց ուսանողների և դասախոսների համատեղ գործնական աշխատանքը գիտատեխնոլոգիական պարկում, ծովային կենդանիների վերականգնողական և դելֆինաթերապիայի կենտրոններում։
ԱԿՄՀ բաժնի պետի տեղակալ Լուսինե Առաքելյանը ներկայացրեց ծրագրի շրջանակներում ԲՊՀ կատարած աշխատանքները և արդյունքները:
Մինչ ծրագրի ավարտը, 2023 թվականին նախատեսվում է ևս մեկ ամփոփիչ հանդիպում Լատվիայում: