«Բուհ ընդունելության և որակավորումների ճանաչման վերաբերյալ հայ-նորվեգական համագործակցություն»

Սեպտեմբերի 24-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում տրվեց «Բուհ ընդունելության և որակավորումների ճանաչման վերաբերյալ հայ-նորվեգական համագործակցություն» եռամյա ծրագրի մեկնարկը: Ծրագիրն իրականացվում է Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի (ԵՊԼՀ), Երևանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի (ԵՊԲՀ), Ակադեմիական փոխճանաչման և շարժունության կենտրոնի (ԱՓՇԱՏԿ), Հարավարևելյան Նորվեգիայի համալսարանական քոլեջի (USN), Կրթության որակի ապահովման նորվեգական գործակալության (NOKUT) ու Միջազգային համագործակցության և բարձրագույն կրթության որակի բարձրացման նորվեգական գործակալության (Diku) հետ: Ծրագիրն ուղղված է օտարերկրյա ուսանողների ընդունելության և որակավորումների ճանաչման ինստիտուցիոնալ ընթացակարգերի մշակմանը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊԼՀ-ի ռեկտոր Կ. Հարությունյանը, որը կարևորեց բազմակողմ համագործակցությունը և վստահություն հայտնեց, որ համագործակցության այսօրինակ սկիզբը ճանապարհ է բացելու նոր՝ ավելի լայն համագործակցային հնարավորությունների համար:

Երկօրյա հանդիպումների առաջին օրը Կրթության որակի ապահովման նորվեգական գործակալության (NOKUT) ներկայացուցիչ Ռօլֆ Լոֆստադը ներկայացրեց Նորվեգիայի կրթական համակարգը՝ հանգամանալից կերպով անդրադառնալով կրթական բոլոր մակարդակներին և համակարգի զարգացման փուլերին: Ծրագրի մասնակից և գործըկեր բոլոր կողմերն էլ իրենց հերթին ներկայացրին իրենց հաստատությունը և գործառույթները: Աշխատանքային երկրորդ օրը ձևավորված 3 աշխատանքային խմբերը քննարկեցին ծրագրի հետագա անելիքները և յուրաքանչյուր կողմի գործառույթները:

«Բուհ ընդունելության և որակավորումների ճանաչման վերաբերյալ հայ-նորվեգական համագործակցություն»