Ս.թ. հոկտեմբերի 31-ին Անգլերենի ամբիոնի վարիչի ժ/պ, բ.գ.դ., պրոֆեսոր Գայանե Եղիազարյանը ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի համար անցկացրեց ուսումնամեթոդական սեմինար՝ «Անգլերեն դարձվածքների ուսուցումը միջմշակութային համատեքստում» թեմայով:
Սեմինարի ընթացքում Գ.Եղիազարյանը ներկայացրեց դարձվածքների լեզվաոճական և թարգմանական առանձնահատկությունները, լեզվամշակութային արժեքը՝ նշելով, որ դարձվածքները ոչ միայն բառապաշարն ու խոսքը դարձնում են ավելի վառ և գունեղ, այլև արտացոլում են տվյալ ժողովրդի մշակութային արժեքներն ու նորմերը, պատմական առանձնահատկությունները:
Ուսուցման գործընթացում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը, անգլերեն և հայերեն դարձվածքների զուգադրումը, դրանց պատկերավոր ներկայացումը միտված են ուսանողների բառապաշարի, լեզվամշակութային գիտելիքի և բանավոր խոսքի զարգացմանը: Սեմինարը հարուստ էր պատկերավոր օրինակներով, որոնք ցույց էին տալիս, թե ինչպես կարելի է դասը դարձնել առավել հետաքրքիր և արդյունավետ՝ կիրառելով դարձվածքների ուսուցման բազմազան մեթոդներ:
Սեմինարի ավարտին բանախոսը պատասխանեց դասախոսներին հուզող հարցերին: