Ամբիոնի տեսլականն է հետամուտ լինել միջազգային և ազգային չափորոշիչներին համապատասխանող և մրցունակ գիտակրթական կառույցի ստեղծմանը՝ իրականացնելու «Կառավարում» և «Կրթության գնահատում» մասնագիտություններով կրթական ծրագրեր՝ կարևորելով բարձրագույն կրթության դերը համաշխարհայնացման գործընթացում և բարեփոխումների ընթացքը ՀՀ կրթության համակարգում, ինչպես նաև հաշվի առնելով շուկայի ազատականացումը և կրթական ոլորտի բազմազանությունը և մրցակցային միջավայրը:
Ամբիոնի կողմից իրականացվող ծրագրեր
ԿԱՌԱՎԱՐՈՒՄ /041301.00.7/
ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ /041301.17.7/
«Կառավարում» մասնագիտությամբ մագիստրոսական կրթական ծրագիրը (այսուհետ՝ «Կառավարում» ծրագիր) (մասնագիտացումը՝ «Հանրային կառավարում») արտացոլում է ՀՀ ՈԱՇ-ի 7-րդ մակարդակի նկարագրիչների դրույթները: Ծրագրի նպատակն է ձևավորել ուսանողների մասնագիտական գիտելիքները, հմտություններն ու կարողությունները կառավարման և հանրային կառավարման ոլորտներում: Կրթական ծրագիրը շեշտադրում է այնպիսի մասնագիտական գիտելիքների ձևավորումը և մասնագիտական ու փոխանցելի հմտությունների զարգացումը, որոնք ներառում են ինստիտուցիոնալ, տեղական, ազգային և համաշխարհային մակարդակներում ռազմավարական և կառավարչական որոշումների կայացման գործընթացներում արժեքների և մասնագիտական էթիկայի ընկալում, ռազմավարական մտածողություն և կառավարում, գործառնական կառավարում, մարդկային ռեսուրսների և ֆինանսների կառավարում, շահակիցների ներգրավվում և կառավարում, կոնֆլիկտների կառավարում:
«Կառավարում» ծրագրի շրջանակներում փոխկապակցվում են տեսական և գործնական բաղադրիչները՝ մասնագիտական կամ մասնագիտացման ոլորտներում շրջանավարտների գործունեություն ծավալելու պատրաստվածությունն ապահովելու նպատակով: Ծրագրի բոլոր դասընթացները ներառում են գործնական բաղադրիչ՝ հնարավորություն ընձեռելով ուսանողներին տեսությունը կիրառելու մասնագիտական իրական կյանքի տարբեր իրավիճակներում: Հետազոտական պրակտիկայի և պրակտիկումի մոդուլներն իրական պայմաններին առավել մոտեցված հնարավորություն են ստեղծում կիրառելու ուսանողների գիտելիքները և զարգացնելու կարողություններն ու հմտությունները:
ԿՐԹԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ /011101.00.7/
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՎ ԹԵՍՏԱՎՈՐՈՒՄ /01110103.7/
«Կրթության գնահատում և թեստավորում» /011102.03.7/ մագիստրոսական կրթական ծրագիրը միակն է Հայաստանում, որն իրականացվելու է 1.5 տարում 90 ԿՓԵՀ կրեդիտների շրջանակում: «Կրթության գնահատում և թեստավորում» /011102.03.7/ կրթական ծրագիրը նախատեսված է մագիստրատուրայի ուսանողների համար, ովքեր ցանկանում են խորը գիտելիքներ ձեռք բերել և հմտանալ հատկապես այնպիսի գիտակարգերում, ինչպիսիք են կրթության գնահատում, չափում, թեստերի ձևավորում, կրթության քաղաքականության մշակում ու վերլուծություն և հարակից այլ գիտակարգերում: Տվյալ կրթական ծրագիրն իրականացվելու է ինչպես ԲՊՀ ամբիոնների, այնպես էլ Գնահատման թեստավորման կենտրոնի և այլ թիրախային գործատուների կողմից: «Կրթության գնահատում և թեստավորում» /011102.03.7/ մագիստրոսական կրթական ծրագրի առավելություններից են թեստեր մշակելու մասնագիտական գիտելիքներով, կարողություններով ու հմտություններով օժտված մասնագետների պատրաստում, ովքեր թեստերը ճիշտ մշակելուց ու կիրառելուց բացի կկարողանան նաև վերլուծել դրանց արդյունքները, այնպիսի մասնագետների պատրաստում, ովքեր ունակ են գնահատելու գիտելիքները՝ կիրառելով գնահատման բազմազան գործիքներ ու մեխանիզմներ, այնպիսի մասնագետների պատրաստում, ովքեր ունեն որակական ու քանանական վերլուծություններ կատարելու ունակություններ: