Կոչ ենք անում բաց չթողնել առցանց դասերը և կատարել հանձնարարված աշխատանքները
29.03.2020
+374 11 300 150
grasenyak@brusov.am, grasenyak1@brusov.am

Սիրելի՛ ուսանողներ,

Հուսով ենք, որ ինչպես դուք, այնպես էլ ձեր հարազատներն ու սիրելիներն առողջ են։ Բոլորիդ առողջությունը և բարեկեցությունն այս օրերին առաջնային են մեզ համար:

Սակայն, ներկայիս ազատ տեղաշարժման սահմանափակման և պարտադիր ինքնամեկուսացման պայմաններում առավել կարևոր է դառնում ոչ միայն քաղաքացիական բարձր գիտակցության ցուցաբերումը, այլև ձեր ինքնակարգապահությունն ու պարտաճանաչությունը, ուժերի կենտոնացումը՝ ինքնուրույն սովորելու համար։ 

Համալսարանի ողջ անձնակազմը և հատկապես ձեր դասախոսները գործադրում են առավելագույն ջանքեր՝ դասերը հեռավար անցկացնելու համար։

Ավաղ, պետք է փաստենք, որ ոչ բոլորդ եք մասնակցում առցանց դասերին, կատարում տրված հանձնարարականները։ Ուստի, կոչ ենք անում բաց չթողնել ձեր առցանց դասերը և կատարել հանձնարարված աշխատանքները։ Դրանք թույլ կտան ձեզ ոչ միայն լսելու դասախոսությունները, այլև դասախոսների հետ պարզաբանելու բոլոր անհասկանալի հարցերը և հեշտությամբ յուրացնելու ուսուցանվող նյութը։ Ավելին, դուք կլինեք միավորված և մշտական կապի մեջ համալսարանի, դասախոսների և միմյանց հետ, ինչն անչափ կարևոր է ներկայիս շփումների խիստ սահմանափակման պայմաններում։ Համալսարանը վերցրել է իր վրա բոլորիս համախմբման և մշտական կապի պահպանման հանձնառությունը։ Ձեզանից պահանջվում է գիտակցել ձեր պարտականությունները, լինել պարտաճանաչ, բարեխիղճ և ճշտակատար։

Օգտագործե՛ք տանը գտնվելու և ազատ ժամանակ ունենալու հանգամանքը՝ հօգուտ ձեր ուսումնական առաջընթացի և առաջադիմության բարձրացման, պարապե՛ք ավելի շատ և ջանասիրաբար։

Հիշե՛ք, որ առջևում կիսամյակի վերջնական ստուգումներն ու գնահատումներն են, որի ընթացքում դուք պետք է հանձնեք բոլոր դասընթացներից կիսամյակի ողջ նյութը։

Բարձր ենք գնահատում ձեր, ինչպես նաև համալսարանի 570 անձից կազմված աշխատակազմի՝ դասախոսների և վարչական, ուսումնաօժանդակ ու տնտեսական աշխատակիցների գործադրած ջանքերը և տոկունությունը՝ այս ծանր իրավիճակում համալսարանի գործունեությունը կանոնակարգված շարունակելու և բրյուսովականներին հատուկ ոգին պահպանելու համար։

ԲՊՀ ղեկավարություն