Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԲՊՀ բոլոր ուսանողների
24.03.2020
+374 11 300 150
grasenyak@brusov.am, grasenyak1@brusov.am

Սիրելի՛ ուսանողներ, 

տեղեկացնում ենք, որ, հիմք ընդունելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գրությունը՝ նոր կորոնավիրուսի կանխարգելման համար հայտարարված արտակարգ դրության պայմաններում ուսումնական գործընթացի և ընթացիկ կիսամյակում դասավանդման և գիտելիքների ստուգման գործընթացների կազմակերպման վերաբերյալ, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը կատարել է հետևյալ փոփոխությունները ուսումնական գործընթացի կազմակերպման և ուսանողների ստուգման ու գնահատման կարգերում և ժամանակացույցերում. 

  1. 2020թ. մարտի 16-ից համալսարանը մեկնարկել է ուսումնական գործընթացների կազմակերպման հեռավար ձևաչափը. յուրաքանչյուր օրվա դասախոսությունների և գործնական աշխատանքների (ըստ դասացուցակի) նյութերը ուղարկվում են ձեր էլեկտրոնային փոստի հասցեներին, դասախոսները ապահովում են ձեզ հետ հետադարձ կապը՝ պատասխանելով ուսումնական նյութի վերաբերյալ էլեկտրոնային փոստով իրենց հղված հարցերին և տրամադրելով անհրաժեշտ բացատրություններ,
  2. դասախոսները անցկացնում են նաև առցանց դասախոսություններ՝ ձեզ հետ նախապես համաձայնեցված առցանց հարթակներով,
  3. առկա ուսուցման համակարգում սովորող ուսանողների 2-րդ կիսամյակի միջանկյալ ստուգումները (1-ին մոդուլները) չեղյալ են հայտարարվում,
  4. 2-րդ կիսամյակի միջանկյալ ստուգումները (1-ին մոդուլները) կանցկացվեն ուսանողների կիսամյակային վերջնական գնահատման (2-րդ մոդուլների) ընթացքում և համապատասխան դասընթացի վերջնական գնահատման հարցաշարում կընդգրկվի 2-րդ կիսամյակի ամբողջ նյութը,
  5. գիտելիքների գնահատման ամփոփիչ տեղեկագրերում ձեր հաճախումների բաղադրիչը՝ Բ1-ը, կգնահատվի 100 միավորով, իսկ կիսամյակի վերջնական գնահատման ժամանակ համապատասխան դասընթացից ձեր ստացած գնահատականը կկիրառվի նաև մնացած բոլոր բաղադրիչների (Բ2, Բ3, Բ4 և Բ5) համար,
  6. հիմք ընդունելով արտակարգ իրավիճակի համար սահմանված վերջնաժամկետը (ս/թ ապրիլի 14)՝ ավարտական կուրսերի ուսանողների ամփոփիչ ատեստավորման ժամկետները երկարաձգվել են 2 շաբաթով,
  7. 2019-2020 ուսումնական տարվա հեռակա ուսուցման 2-րդ կիսամյակի դասընթացների կազմակերպման ժամանակացույցում փոփոխություններ նախատեսված չեն. դասերը կսկսվեն մարտի 30-ից,
  8. հեռակա ուսուցման 2-րդ կիսամյակի դասընթացները կկազմակերպվեն հեռավար, ինչպես որ կազմակերպվում է առկա ուսուցման համակարգի ուսանողների համար (առցանց դասախոսությունների և էլեկտրոնային փոստերին ուղարկվող ուսումնական նյութերի միջոցով), ձեր դասախոսները կապ կհաստատեն ձեզ հետ:

Սիրելի՛ ուսանողներ, ներկա իրավիճակում կարևորելով բոլորիս համատեղ ջանքերը և համախմբավուծությունը՝ կրկին կոչ ենք անում.

  • օգտագործել ստեղծված իրավիճակում տանը ավելի շատ ժամանակ անցկացնելու հանգամանքը՝ ի սպաս դնելով ձեր գիտելիքների պաշարի ինքնուրույն խորացմանը,
  • ցուցաբերել պարտաճանաչություն և ջանասիրաբար կատարել ձեր դասախոսների կողմից տրված հանձնարարություններն ու առաջադրանքները և կանոնավոր մասնակցել առցանց դասախոսություններին,
  • հետևել համալսարանի պաշտոնական կայքէջին և ֆեյսբուքյան էջին՝ մշտապես տեղեկացված լինելու համար,
  • օրը առվազն մեկ անգամ ստուգել ձեր էլեկտրոնային փոստը,                                                                            
  • ցուցաբերել բարձր գիտակցականություն և պատասխանատվություն՝ նոր կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված միջոցառումների պատշաճ կատարման նպատակով:                                                                                        

 

 

Մաղթում ենք բոլորին առողջություն և տոկունություն: 

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան