Տեղի կունենա «Չին հեղինակների ստեղծագործությունների ուսանողական թարգմանչական մրցույթը»
ՀՀ բուհերի չինարեն ուսումնասիրող հարգելի՛ ուսանողներ,
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի Արևելյան լեզուների ամբիոնը Կոնֆուցիուսի ինստիտուտի հետ համատեղ կազմակերպում է «Չին հեղինակների ստեղծագործությունների ուսանողական թարգմանչական մրցույթը», որի նպատակն է բացահայտել և քաջալերել երիտասարդ տաղանդավոր թարգմանիչներին։ Մրցույթն անց է կացվելու երկու փուլով` նախընտրական և եզրափակիչ, մրցույթի արդյունքներն ամփոփվելու են եզրափակիչ փուլի արդյունքներով։
Մրցույթի շրջանակներում նախատեսված են պարգևներ 1֊ին, 2֊րդ և 3֊րդ տեղերը զբաղեցրած մասնակիցների համար, իսկ 1֊ին տեղը գրաված մասնակցի թարգմանությունը լույս է տեսնելու հայկական հրատարակչություններից մեկում։ Բոլոր մասնակիցներին տրվելու են վկայականներ։ Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ բուհերի չինարեն ուսումնասիրող բակալավրիատի, մագիստրատուրայի ուսանողներ, ովքեր ունեն չինարենի միջազգային որակավորման քննության`HSK 3-ին համապատասխանող գիտելիքներ։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է asianlanguages.bsuchair20@gmail.com էլ.փոստի հասցեին ուղարկել նամակ, որում պետք է նշել հետևյալ տեղեկատվությունը`
●Մասնակցի անունը, հայրանունը և ազգանունը
● Մասնակցի ուսման վայրը
●Մասնակցի գործող հեռախոսահամարը(ները) և էլ.փոստի հասցեն
● Որքա՞ն ժամանակ է ուսումնասիրում չինարենը։
Մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետն է՝ դեկտեմբերի 11-ը ներառյալ։ Տեղեկացնում ենք, որ մրցույթի նախընտրական փուլը տեղի է ունենալու դեկտեմբերի 12-ին ժամը`14։00֊ին, ԲՊՀ 2203 (Չինագիտության կենտրոն) և 2206 (Չինարեն֊հայերեն թարգմանչական լաբորատորիա) լսարաններում։ Մրցույթի տևողությունը 180 րոպե է։ Մրցույթի ընթացքում մասնակցին տրվելու է ժամանակակից չին հեղինակի ստեղծագործության տեքստ, որը պետք է թարգմանել չինարենից հայերեն։ Թարգմանության ընթացքում մասնակիցներին տրամադրվելու է համակարգիչ և տրվելու է առցանց բառարաններից օգտվելու հնարավորություն (БКРС, Trainchinese, Բառարան օնլայն, Glosbe Բառարան հայերեն֊անգլերեն և այլն, բացառությամբ Google, Yandex, Baidu և այլ տիպի առցանց թարգմանչական գործիքների)։
Մանրամասների համար կարող եք զանգահարել (094) 41 88 64 (Դավիթ Գրիցենկո) հեռախոսահամարին։ Շտապեք գրանցվել և փորձեք ձեր ուժերը թարգմանության արվեստի գործում։