ԲՊՀ-ն անցնում է ուսումնական գործընթացը հեռավար կազմակերպելուն
16.03.2020
+374 11 300 150
grasenyak@brusov.am, grasenyak1@brusov.am

Սիրելի՛ ուսանողներ, 

Հաշվի առնելով կորոնավիրուսի համաճարակի հետևանքով ՀՀ-ում ստեղծված արտակարգ իրավիճակը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն հայտարարությունները՝ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը ուսումնական կիսամյակի հնարավոր երկարացումից խուսափելու և բաց թողնված դասերի կուտակումը ու դրանց հավելյալ լրացումը կրճատելու նպատակով անցնում է ուսումնական գործընթացը հեռավար կազմակերպելուն՝ օգտագործելով տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները:

Դասախոսների կողմից ձեր էլեկտրոնային փոստի հասցեին կուղարկվեն համապատասխան տեսական դասընթացների դասախոսությունների նյութերը՝  գրականության ցանկով և քննարկվող թեմայի առանցքային հարցերով, ինչպես նաև գործնական դասընթացների նյութերը և առաջադրանքները:

Ուսումնական նյութերը ձեզ կտրամադրվեն ըստ ձեր դասացուցակի:

Անհրաժեշտ է կանոնավոր կերպով (առնվազն օրը մեկ անգամ) ստուգել ձեր էլեկտրոնային փոստը և բարեխղճորեն կատարել դասախոսի կողմից ուղարկված հանձնարարությունները: Ուղարկված նյութերի վերաբերյալ հարցեր առաջանալու դեպքում խնդրում ենք կապ հաստատել ձեր դասախոսների հետ, որոնք պատրաստակամ են ձեզ հետ քննարկելու ուսուցանվող նյութի և հանձնարարված առաջադրանքների կատարման հետ կապված հարցերը և խնդիրները: Մենք համոզված ենք, որ դասախոսների հետ ձեր հաղորդակցումը էլեկտրոնային միջոցներով կապահովվի պատշաճ մակարդակով:

Ըստ անհրաժեշտության դասախոսները կանցկացնեն առցանց դասախոսություններ, որոնց անցկացման հարթակի և այլ մանրամասների մասին ձեզ լրացուցիչ կտեղեկացնեն ձեր դասախոսները:

Հայտնում ենք, որ դասերը վերսկսելուց հետո իրականացվելու է հանձնարարված և ուսումնառված նյութի ստուգում և գիտելիքի գնահատում:

Սիրելի՛ ուսանողներ, կոչ ենք անում ցուցաբերել բարձր գիտակցականություն, պատասխանատվություն, համախմբվածություն և ուժերի կենտրոնացում:

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան