«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Կառավարության որոշման նախագծի վերաբերյալ «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» hիմնադրամի գիտական խորհրդի 2020-2021 ուսումնական տարվա 07.05.2021 թվականի № 9 նիստի ՈՐՈՇՈՒՄ
07.05.2021

«Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի գիտական խորհուրդը, մայիսի 7-ի № 9 նիստում քննարկելով ՀՀ կառավարության` 2021 թվականի ապրիլի 28-ին հանրային քննարկման ներկայացված «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ)՝ հիմնադրամի կարգավիճակ ունեցող պետական բուհերի կանոնադրություններում կառավարման բարձրագույն մարմնի (հոգաբարձուների խորհուրդ) մասով փոփոխություններ կատարելու վերաբերյալ, արձանագրում է.

  • Նախագիծը հակասում է ՀՀ Սահմանադրության 38-րդ հոդվածի 3-րդ կետին, ըստ որի՝ «Բարձրագույն ուսումնական հաստատություններն օրենքով սահմանված շրջանակներում ունեն ինքնակառավարման իրավունք, ներառյալ ակադեմիական և հետազոտությունների ազատությունը» և ինքնակառավարման իրավունքին առնչվող բոլոր կարգավորումները պետք է սահմանվեն օրենքով,
  • Նախագիծը նախապատրաստվել և դրվել է հանրային քննարկման՝ անտեսելով, որ ՀՀ Ազգային ժողովի կողմից 24.03.2021 թ.-ին ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը տևական ժամանակ քննադատության է ենթարկվել թե՛ բուհական հանրության, թե՛ լայն հասարակության կողմից, և անգամ չսպասելով Սահմանադրական դատարանի՝ այդ օրենքի Սահմանադրությանը համապատասխանելու վերաբերյալ («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մաս) որոշմանը.
  • Նախագծի հանրային քննարկման գործընթացը՝ սահմանված ըստ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 10-ի N 1146-Ն որոշմամբ հաստատված «Հանրային քննարկումների կազմակերպման և անցկացման կարգ»-ի, խախտվել է և առանց դրա բնականոն ավարտի ընդունվել է ՀՀ կառավարության որոշում` երեք պետական համալսարանների մասով,
  • Նախագծի հիմնավորումն առ այն, որ դրա ընդունումը «պայմանավորված է բուհական համակարգի կառավարման արդյունավետության բարձրացման և բարձրագույն կրթության բնագավառում իրականացվող բարեփոխումներին պատշաճ թափ, խորություն ու համակարգվածություն հաղոդելու նպատակայնությամբ», ձևական բնույթ ունի, քանի որ այն նպատակաուղղված է բացառապես ձևավորելու վերահսկելի և կառավարելի խորհուրդներ: Վերջինս ակնհայտ է, քանի որ համաձայն Նախագծի՝ խորհրդի անդամների մեծամասնությունը լինելու են պետական պաշտոնյաներ: Ուստի կարող ենք փաստել, որ Նախագիծը որևէ կերպ չի կարող նպաստել բարձրագույն կրթության բնագավառում իրականացվող բարեփոխումներին:

 

«Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի գիտական խորհուրդը, նկատի ունենալով վերոնշյալը և Նախագծի նախապատրաստման և հանրային քննարկման ներկայացման ընթացակարգային հարցերի տեսանկյունից անընդունելի համարելով ՀՀ կառավարության մոտեցումը պետական բուհերի նկատմամբ,

ՈՐՈՇՈՒՄ Է. 

Առաջարկել ՀՀ կառավարությանը՝

  • չխախտել երկրի Սահմանադրությամբ ամրագրված բուհերի ինքնակառավարման իրավունքը և ակադեմիական ազատությունը,
  • ուժը կորցրած համարել ՀՀ կառավարության՝ 2021 թվականի մայիսի 4, N 704-Ն որոշումը և դադարեցնել Նախագծի հետագա քննարկման և ընդունման գործընթացը: