2021 թվականը հայտարարված է «Պարենային համակարգերի փոխակերպում. երիտասարդության նորարարությունը հանուն մարդու և մոլորակի առողջության» տարի
23.07.2021

Սիրելի՛ ուսանողներ,

Ինչպես գիտեք, 2000 թվականին Միավորված ազգերի կազմակերպության (այսուհետ՝ ՄԱԿ) կողմից օգոստոսի 12-ը սահմանվել է որպես Երիտասարդության միջազգային օր՝ ՄԱԿ-ի անդամ պետությունների ուշադրությունը հրավիրելու երիտասարդությանն առնչվող հարցերին և խթանելու հանրության տեղեկացվածության բարձրացումը երիտասարդության խնդիրների ու առաջնահերթությունների վերաբերյալ:

ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհուրդը յուրաքանչյուր տարի հայտարարում է Միջազգային երիտասարդության օրվա թեման: 2021 թվականը հայտարարված է «Պարենային համակարգերի փոխակերպում. երիտասարդության նորարարությունը հանուն մարդու և մոլորակի առողջության» տարի:

Հայաստանի Հանրապետությունը նույնպես նշում է երիտասարդության միջազգային օրը՝ կարևորելով երիտասարդության դերն ու նշանակությունը հանրության և պետության զարգացման և առաջընթացի գործում:

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Տարվա երիտասարդական մայրաքաղաք Կապանում, ինչպես նաև այլ համայնքներում խրախուսում է երիտասարդական միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը:  

Խրախուսում ենք հանդես գալ սեփական նախաձեռնություններով, ինչպես նաև միանալ կազմակերպվող այլ միջոցառումներին: