Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Նորություններ

«Բուհ ընդունելության և որակավորումների ճանաչման վերաբերյալ հայ-նորվեգական համագործակցություն»

Նամակ գրել Տպել PDF

Սեպտեմբերի 24-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում տրվեց «Բուհ ընդունելության և որակավորումների ճանաչման վերաբերյալ հայ-նորվեգական համագործակցություն» եռամյա ծրագրի մեկնարկը: Ծրագիրն իրականացվում է Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի (ԵՊԼՀ), Երևանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի (ԵՊԲՀ), Ակադեմիական փոխճանաչման և շարժունության կենտրոնի (ԱՓՇԱՏԿ), Հարավարևելյան Նորվեգիայի համալսարանական քոլեջի (USN), Կրթության որակի ապահովման նորվեգական գործակալության (NOKUT) ու Միջազգային համագործակցության և բարձրագույն կրթության որակի բարձրացման նորվեգական գործակալության (Diku) հետ: Ծրագիրն ուղղված է օտարերկրյա ուսանողների ընդունելության և որակավորումների ճանաչման ինստիտուցիոնալ ընթացակարգերի մշակմանը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊԼՀ-ի ռեկտոր Կ. Հարությունյանը, որը կարևորեց բազմակողմ համագործակցությունը և վստահություն հայտնեց, որ համագործակցության այսօրինակ սկիզբը ճանապարհ է բացելու նոր՝ ավելի լայն համագործակցային հնարավորությունների համար:

Երկօրյա հանդիպումների առաջին օրը Կրթության որակի ապահովման նորվեգական գործակալության (NOKUT) ներկայացուցիչ Ռօլֆ Լոֆստադը ներկայացրեց Նորվեգիայի կրթական համակարգը՝ հանգամանալից կերպով անդրադառնալով կրթական բոլոր մակարդակներին և համակարգի զարգացման փուլերին: Ծրագրի մասնակից և գործըկեր բոլոր կողմերն էլ իրենց հերթին ներկայացրին իրենց հաստատությունը և գործառույթները: Աշխատանքային երկրորդ օրը ձևավորված 3 աշխատանքային խմբերը քննարկեցին ծրագրի հետագա անելիքները և յուրաքանչյուր կողմի գործառույթները:  

 IMG_9790 IMG_9737 IMG_9766

Ռումինացի դասախոս Մարիա Կլաուդիա Իոնեսկուն դասախոսություններ է անցկացրել ԵՊԼՀ-ում

Նամակ գրել Տպել PDF

Էրազմուս + Միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակներում Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի և Ռումինիայի Հանրապետության Պիտեշտի համալսարանի միջև կնքված պայմանագրով ս.թ. սեպտեմբերի 17-21-ը ԵՊԼՀ էր ժամանել Պիտեշտի համալսարանի Կրթության, սոցիալական գիտությունների և հոգեբանության ֆակուլտետի դասախոս Մարիա Կլաուդիա Իոնեսկուն:

Աշխատանքային օրերի ընթացքում Մարիա Կլաուդիա Իոնեսկուն հանդիպումներ է ունեցել ԵՊԼՀ-ի Մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբոնի պրոֆեսորադասախոսական կազմի, Կարիերայի կենտրոնի և Արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչության աշխատակիցների հետ, քննարկվել են երկու համալսարանների հետագա համագործակցության ուղղությունները և ծրագրերը: Մարիա Կլաուդիա Իոնեսկուն ԵՊԼՀ-ի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար հանդես է եկել դասախոսություններով, որոնք հիմնականում վերաբերել են  լսարանում խմբային գործընթացներին և դրանց ազդեցությանը լսարանի կառավարման և ուսուցման վրա, լսարանի վրա սոցիալական ազդեցության ձևերին և դրանց ազդեցությանը, կարծրատիպերին, նախապաշարմունքներին և խտրական վերաբերմունքին ուսուցիչ-ուսանող հարաբերություններում և, վերջապես, սովորելու գործընթացում սոցիալական մոտիվացիայի դերին:

42164643_323291338430978_2874653724683272192_n 41856521_281163429385149_5376602741609070592_n 42116638_633261143734638_3052378509319077888_n 

Հայաստանում Արգենտինայի դեսպանատան և Կոնվերս բանկի հետ համագործակցության շրջանակում Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում բացվելու է արգենտինական մշակույթի կենտրոն

Նամակ գրել Տպել PDF

Հայաստանում Արգենտինայի դեսպանատան և Կոնվերս բանկի հետ համագործակցության շրջանակում Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում բացվելու է արգենտինական մշակույթի կենտրոն: Ծրագրի մեկնարկը անակնկալ միջոցառմամբ տրվեց սեպտեմբերի 20-ին: Ներկաներին սպասվում էր արգենտինական գեղեցիկ տանգո՝ պրոֆեսիոնալ պարողների կատարմամբ: Նախաձեռնության հեղինակը Կոնվերս բանկն էր, որն իր սոցիալական պատասխանատվության շրջանակներում խթանում է արգենտինական մշակույթի տարածումը Հայաստանում:

Միջոցառման սկզբում բացման խոսքով հանդես եկավ ԵՊԼՀ-ի ռեկտոր տիկին Կարինե Հարությունյանը. ‹‹ԵՊԼՀ-ի և Հայաստանում Արգենտինայի դեսպանատան միջև համագործակցությունը սկսվել է դեռ նախորդ տարի: Համագործակցության շրջանակում ամուր կապեր են հաստատվել Բուենոս Այրեսի համալսարանի հետ: Երկու բուհերի միջև համագործակցությունն առայժմ ընդգրկում է դասախոսների փոխանակման ծրագիր, սակայն լիահույս ենք, որ շուտով ուսանողները ևս կկարողանան օգտվել ծրագրերից և փոխանակման տարբեր հնարավորություններից››,- նշեց ԵՊԼՀ-ի ռեկտորը:

Կոնվերս բանկի գործառնությունների, ծառայությունների և ՏՏ դեպարտամենտի տնօրեն Գոհար Հարությունյանը նշեց, որ իրենց թիմը մեծ ոգևորությամբ է միացել ծրագրին. ‹‹Արգենտինայում շատ հայեր են ապրում և արգենտինական  նման կենտրոնի առկայությունը շատ կարևոր է և թերևս պատահական չէ, որ այն բացվելու է հենց այս համալսարանում››:

Միջոցառման ընթացքում ներկաները վայելեցին արգենտինական տանգո՝ արգենտինացի պրոֆեսիոնալ պարողների կատարմամբ: Այնուհետև, պարողները ներկայացրին պարի պատմությունը նշելով, որ պարը ևս լեզու է, որի միջոցով մարդիկ հասկանում են իրար: 

Միջոցառման ավարտին անցկացվեց նաև վարպետության դաս, որի ընթացքում պարողները ցանկացողներին սովորեցրին արգենտինական տանգոյի հիմնական շարժումները:  

IMG_20180920_175359081

ԵՊԼՀ-ում կայացավ «Չիվնինգ» կրթաթոշակային ծրագրի ներկայացումը:

Նամակ գրել Տպել PDF

Սեպտեմբերի 19-ին Երևանի Վ. Բյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում կայացավ «Չիվնինգ» կրթաթոշակային ծրագրի ներկայացումը: «Չիվնինգ» կրթաթոշակային ծրագիրը տրամադրում է ամբողջական ֆինանսավորում՝ բրիտանական ցանկացած համալսարանում մեկամյա մագիստրոսական կրթություն ստանալու համար: «Չիվնինգ» կրթաթոշակային ծրագիրն ընտրված ուսանողներին հնարավորություն կտա սովորել Միացյալ Թագավորության առաջատար բուհերում: Բրիտանիայի կառավարության «Չիվնինգ» կրթաթոշակների ծրագիրն իրականացվում է աշխարհի ավելի քան 100 երկրներում: Կրթաթոշակները տրամադրվում են առաջնորդության ունակություններ ունեցող լավագույն դիմորդներին և ամբողջությամբ ֆինանսավորում են Մեծ Բրիտանիայի ցանկացած բուհի մեկ տարվա մագիստրոսի ծրագիր: Կրթաթոշակը հովանավորում է Բրիտանիայում 12 ամիս ուսանելու ծախսը, ներառյալ՝ ապրելու և միջազգային թռիչքի ծախսը: Հանդիպմանը ներկա էին Բրիտանական դեսպանության քաղաքական գծով պատասխանատու Մարիամ Բաղդասարյանը, DAAD բարձրագույն կրթական և դրամաշնորհային ծրագրերի համակարգող Մերի Նավասարդյանը, ԵՊԼՀ արտաքին կապերի և միջազգային համագործակցության բաժնի ներկայացուցիչներ, ուսանողներ ԵՊԼՀ-ից և այլ բուհերից: ԵՊԼՀ արտաքին կապերի և միջազգային համագործակցության բաժնի պետի տեղակալ Լուսինե Մադոյանը ողջունեց ներկաներին և խոսեց արտերկրում ուսում ստանալու առավելությունների ու կարևորության մասին:
‹‹Սա լիարժեք կրթաթոշակ է, որով երիտասարդ մագիստրոսը կարող է իր սոցիալական հարցերը հոգալ և կենտրոնանալ հետազոտական աշխատանքի վրա։ ‹‹Չիվնինգ›› ծրագրին դիմելու շարժառիթը նոր գիտելիքներ ստանալն ու միջազգային ասպարեզում կայանալն է››,- նշեց Բրիտանական դեսպանության Քաղաքական գծով պատասխանատու Մարիամ Բաղդասարյանը:

Վերջինս ներկայացրեց «Չիվնինգ» կրթաթոշակային ծրագիրը և պատասխանեց ուսանողների հարցերին: Նրա խոսքով՝ «Չիվնինգ» ծրագրի շահառու կարող են լինել նրանք, ովքեր ՀՀ քաղաքացի են, ունեն բակալավրի աստիճան, երկու տարվա աշխատանքային փորձ, անգլերենի համապատասխան գիտելիքներ:
«Ծրագիրը եզակի հնարավորություն է երիտասարդների համար, որը տրամադրում է ֆինանսական եւ ինստիտուցիոնալ աջակցություն, ինչը թույլ է տալիս կրթություն ստանալ և ապահովել գիտական արդյունքներ»,- նշեց Մարիամ Բաղդասարյանը:
Հյուրերը հաջողություն մաղթեցին ուսանողներին՝ վստահություն հայտնելով, որ բրիտանական համալսարանում կրթություն ստանալը երազանքից կվերածվի հնարավորության:


Chevening-Scholarships

Ամփոփվեց «Հայ մարդ, հիշի՛ր դու միշտ երկաթե շերեփը Հայրիկի» խորագիրը կրող էսսեների մրցույթը

Նամակ գրել Տպել PDF

Սեպտեմբերի 19-ին ԵՊԼՀ-ի նիստերի փոքր դահլիճում տեղի ունեցավ հանդիպում ԵՊԼՀ-ի շրջանավարտների միության անդամ Տիգրան Սահակյանի հետ, որի ընթացքում ամփոփվեց մեր շրջանավարտի հերթական նախաձեռնություններից մեկը: Այս անգամ ԵՊԼՀ շրջանավարտի հովանավորությամբ անցկացվել էր էսսեների մրցույթ, որը կրում էր «Հայ մարդ, հիշի՛ր դու միշտ երկաթե շերեփը Հայրիկի» խորագիրը: Ուսանողները կարող էին գրել իրենց էսսեները՝ մեկնաբանելով վերոնշյալ միտքը սեփական պատկերացումների հիման վրա:

Լավագույն երեք հորիզոնականներում հայտնված էսսեների հեղինակները ստացան սերտիֆիկատ և 500, 400 և 250-ական դոլար դրամական պարգև՝ համապատասխանաբար: Տիգրան Սահակյանի խոսքով՝ կարևորն էսսեներում ամփոփված միտքն ու գաղափարն է. ‹‹50-ից ավելի էսսեներ ենք ստացել, սակայն ամենակարևորը մեզ համար ոչ թե փաստերի կամ պատմական տվյալների արձանագրումն էր, այլ՝ Ձեր լեզվական կարողությունների հետ մեկտեղ դրսևորված ընկալումներն ու պատկերացումները››,- նշեց ԵՊԼՀ-ի շրջանավարտը:

Լավագույն էսսեների հեղինակներն են ԵՊԼՀ-ի ուսանողուհիներ Քնարիկ Սանասարյանը, Իրինա Բարսեղյանը, Ռիմա Սիմոնյանը, Քնարիկ Հուսիկյանը, Անի Գևորգյանը, Օֆելի Մուրադյանը, Դիանա Հակոբյանը, Քնարիկ Կարամինասյանը և Արփինե Եսայանը:

 Լավագույն էսսեները կտպագրվեն, ինչպես նաև կհրապարակվեն առցանց հարթակում:

Հավելենք, որ ԵՊԼՀ-ի շրջանավարտների միության անդամ Տիգրան Սահակյանի նման նախաձեռնությունները լինելու են շարունակական և հնարավորություն են տալու ԵՊԼՀ-ի այլ ուսանողների ևս փորձել իրենց ուժերը:


42181850_463791170774323_83136479357829120_n

Էջ 1 ... 73-ից

ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ