Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության շարունակական համագործակցության արդյունքում ապրիլի 12-ին տեղի ունեցավ «Կանայք, որոնք փոխել են աշխարհը» խորագիրը կրող միջոցառում:
ԵՊԼՀ-ի անգլերենի ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպված այս միջոցառման շրջանակում անգլալեզու զեկույցներով հանդես եկան ԵՊԼՀ-ի ուսանողները, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական և ՀՀ ՊՆ Մարշալ Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանների կուրսանտները: Սեմինարի մասնակիցներն անդրադարձան պատմության մեջ նշանակալի դեր ունեցած կանանց` ներկաներին հաղորդակից դարձնելով կնոջ անհավանական ուժի, հաստատակամության և տոկունության ապացույց պատմություններին:
ԵՊԼՀ ռեկտոր Կարինե Հարությունյանը, ողջունելով ներկաներին, կարևորեց ԵՊԼՀ - ՀՀ ՊՆ երկկողմ համագործակցությունը և դրա արդյունքում ծնված միջոցառումները:
Սեմինարի ավարտին լավագույն երկու զեկույցներով հանդես եկած մասնակիցներն արժանացան նվեր քարտերի: ԵՊԼՀ-ի անգլերենի ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար, բանասիրական գիտությունների դոկտոր Գայանե Եղիազարյանը, շնորհակալություն հայտնելով մասնակիցներին և ներկաներին, նշեց. «Շատ դժվար է ընտրել լավագույն երկուսին: Կարծում եմ` կհամաձայնեք, որ սա խոսում է սեմինարի մասնակիցների բարձր պատրաստվածության մասին»:
Սեմինարը համեմված էր երաժշտական գեղեցիկ կատարումներով` ԵՊԼՀ-ի ուսանողների և ռազմական համալսարանների կուրսանտների մասնակցությամբ:
Հավելենք, որ երկկողմ համագործակցության շրջանակում բուհն իրականացնում է օտար լեզու ուսուցանող դասախոսների վերապատրաստումներ և օտար լեզուների դասավանդման ծրագրերի, ուսումնական մեթոդների արդիականացում վերոնշյալ ուսումնական հաստատություններում:








