Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Նորություններ

«ԿՈԿԱ-ԿՈԼԱ ՀԵԼԼԵՆԻԿ ԱՐՄԵՆԻԱՅԻ» «ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԵՌԱՄՅԱ ԾՐԱԳՐԻ ՓՈՒԼԵՐԻՑ ՄԵԿՆ ԱՆՑԿԱՎԵՑ ԵՊԼՀ-ՈՒՄ

Նամակ գրել Տպել PDF

Հունիսի 29-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում անցկացվեց «Կյանքի հմտություններ» մեկօրյա դասընթացը որը իրականացվում է «Կոկա-կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության «Երիտասարդների զարգացում» եռամյա ծրագրի շրջանակում:  ԵՊԼՀ Կարիերայի կենտրոնի և Շրջանավարտների միավորման հետ համագործակցության արդյունքում՝ ծրագրի մասնակիցներն այս անգամ հավաքվել էին ԵՊԼՀ-ի հարկի տակ:

ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Կոկա-կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում իրականացվող եռամյա այս ծրագիրն ուղղված է երիտասարդության շրջանում գործազրկության նվազեցմանը: Մինչև 2020-ը նախատեսվում է կյանքի և բիզնես հմտությունների դասընթացներով աջակցել 8000 երիտասարդի:

 ԵՊԼՀ-ի ուսումնական գծով պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը, ողջունելով ԵՊԼՀ-ի Կարիերայի կենտրոնի հետ նման համագործակցությունը, ներկաներին հորդորեց մշտապես հետաքրքրվել նման հնարավորություններով: «Նման միջոցառումները կարևոր են հատկապես ուսանողների մասնակցության տեսանկյունից, քանի որ դրանք աշխատաշուկա մուտք գործելու հիանալի հնարավորություն են տալիս՝ զինելով կարևոր հմտություններով»,- նշեց ԵՊԼՀ-ի պրոռեկտորը:

«Երիտասարդության զարգացումը մեր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության գործունեության առանցքային ուղղություններից է», - ասաց «Կոկա-Կոլա Հելլենիկ բոթլինգ քամփնի Արմենիա» ընկերության հասարակական կապերի և հաղորդակցության տնօրեն Էլինա Մարգարյանը: Վերջինս, ողջունելով բոլոր մասնակիցներին, հորդորեց նրանց շփվել միմյանց հետ, կիսել իրենց գիտելիքները և խնդիրները:

«Երիտասարդների զարգացում» ծրագրի առաջին փուլում մասնակիցները փորձառու մենթորների օգնությամբ ձեռք են բերում ինքնազարգացման և ինքնագնահատման հմտություններ, այդ թվում՝ մասնագիտական կապերի ստեղծման, հետադարձ կապի, ուղեկցող նամակ և CV գրելու, գործատուին ներկայանալու հմտություններ: Ծրագրի երկրորդ փուլում մասնակիցները կսովորեն բիզնես հմտություններ՝ ժամանակի և նախագծերի կառավարման, հաղորդակցական, բանակցային և վաճառքի հմտություններ, բիզնես պլանավորում, ինչպես նաև ֆինանսական գրագիտություն: Բացի Երևանից՝ դասընթացներն անցկացվում են նաև Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի, Արագածոտնի և Սյունիքի մարզերում:

Այն հարցին, թե ինչպիսի ակնկալիքներով է մասնակցում ծրագրին՝ մասնակիցներից մեկը՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի երրորդ կուրսի ուսանողուհի Աստղիկ Պետրոսյանը, նշեց.  «Մեծ ակնկալիքներ ունեմ: Հուսով եմ, որ ծրագրի շրջանակում ձեռք կբերեմ ինքնազարգացման և ինքնաճանաչման կարևոր հմտություններ, որոնք ապագայում կօգնեն ինձ»:

«Երիտասարդների զարգացում» ծրագրին գրանցումը, դասընթացների համակարգումը, ինչպես նաև կազմակերպչական բոլոր աշխատանքներն իրականացնում և համակարգում է «ԱՅ ԷՅ ԲԻ» միջազգային բիզնես ակադեմիան, որի հիմնական առաքելությունն է ապահովել մարդկային ռեսուրսների զարգացումն ու աճը Հայաստանում և տարածաշրջանում` առաջարկելով մասնագիտական վերապատրաստման և խորհրդատվական ծառայությունների մշտապես նորացվող լայն շրջանակ: «Այ Էյ Բի» բիզնեսի միջազգային ակադեմիայի հաջողության հիմքում շարունակական նորարարությունների կիրառումը, դասընթացը հաճախորդի պահանջներին հարմարեցնելու կարողությունը և դասավանդման երկար տարիների փորձ ունեցող բարձրակարգ մասնագետներն են:

Հավելենք, որ նախագծի իրականացնող «Կոկա-Կոլա Հելլենիկ բոթլինգ քամփնի Արմենիա» ընկերությունն աշխարհում ոչ ալկոհոլային զովացուցիչ ըմպելիքներ արտադրող խոշորագույն ընկերություններից մեկի՝ հայտնի «Կոկա-Կոլա Հելլենիկ բոթլինգ քամփնի» ընկերության մասնաճյուղն է, իսկ Հայաստանում գործունեություն այն ծավալում է դեռ 1996 թվականից: Ընկերությունը Հայաստանում «Կոկա-կոլա ընկերության» միակ լիազորված շշալցնողն է: Բիզնես գործունեությանը զուգահեռ հայ հասարակության պատասխանատու անդամ լինելով` «Կոկա-կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունը մշտապես նախաձեռնում է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության բազմաթիվ ծրագրեր:  


36355406_1655549474562080_1170370513621483520_n 36365597_1655549447895416_180092539976548352_n 36356990_1655549394562088_8724762798061518848_n
36311768_1655549354562092_672160595117604864_n 36315118_1655549024562125_2074385842947751936_n 36407256_1655549257895435_6021469601244643328_n
36374353_1655548974562130_1801375284704837632_n 36387713_1655549167895444_1872742720447971328_n

ԵՊԼՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՈՒՍՈՒՄՆ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ

Նամակ գրել Տպել PDF
Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը Էրազմուս + Միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակներում համագործակցում է Իսպանիայի Թագավարության Սալամանկայի համալսարանի հետ: Վերոնշյալ շարժունության ծրագրի շրջանակներում ԵՊԼՀ Մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի ասպիրանտ Ժենյա Տեր-Վարդանյանը իրականացնում է հետազոտություն Սալամանկայի համալսարանում: Կից հոդվածում Ժենյա Տեր-Վարդանյանը և Սալամանկայի համալսարանի միջազգային ուսանողները պատմում են իրենց փորձի և տպավորությունների մասին:

36176188_1805895662834348_3718275706384285696_n

Էրազմուս + Միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակներում ԵՊԼՀ-ն համագործակցում է նաև Ռումինիայի Հանրապետության Պիտեշտիի համալսարանի հետ: Վերոնշյալ շարժունության ծրագրի շրջանակներում ԵՊԼՀ Ռուսաց և օտար լեզուների ֆակուլտետի բակալավրի 3-րդ կուրսի ուսանող Նոնա Պետրոսյանը 2017-2018 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում ուսանում է Պետեշտիի համալսարանում: Կից տեսանյութում Նոնա Պետրոսյանը պատմում է իր փորձի և տպավորությունների մասին: 
https://www.youtube.com/watch?v=gsxe0hMHa1U&feature=share

«ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՐԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊԼՀ-ՈՒՄ

Նամակ գրել Տպել PDF
IMG_20180628_111358

Հունիսի 28-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Համաշխարհային գրականության և մշակույթի ամբիոնի կողմից կազմակերպված «Գրականության և մշակույթի արդի հիմնախնդիրներ» խորագիրը կրող երիտասարդ գիտնականների միջբուհական գիտաժողովը:  

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց Համաշխարհային գրականության և մշակույթի ամբիոնի վարիչ Նատալյա Խաչատրյանը: Ամբիոնի վարիչի խոսքով` նմանօրինակ միջոցառումներ հաճախ են կազմակերպվում ամբիոնի կողմից:

«Այս անգամ թեման ավելի ընդգրկուն է` դաշտն ավելի լավ տեսնելու համար: Գիտաժողովի նպատակն է զրույց բացել, քննարկել, գնահատականներ ու պարզաբանումներ լսել»,-հավելեց Ն. Խաչատրյանը : 

Նա երիտասարդ գիտնականներին հորդորեց արտասահմանյան գրականությանը վերաբերող զեկույցները ներկայացնելիս առաջնորդվել «կարճ և խոստումնալից» սկզբունքով՝ հետազոտական նյութը ներկայացնելով հակիրճ, սակայն պարտադիր կերպով անդրադառնալով հետազոտության գիտական  նորույթին, արդիականությանը և բովանդակային կարևոր առանձնահատկություններին:

Գիտաժողովի ընթացքում անդրադարձ կատարվեց այնպիսի հեղինակների ստեղծագործություններին, ինչպիսիք են Դոն ԴեԼիլոն, Լ. Պիրանդելլոն, Ս. Քինգը, Ժ.Պ. Սարտրը, Դ. Ֆոն, Թ Ստոփարդը, Ջ. Ափդայքը, Է. Օլբին, ինչպես նաև դիտարկվեց հունական ռոմանտիզմը՝ եվրոպական ավանդույթների արտացոլման տեսանկյունից:


IMG_20180628_111214 IMG_20180628_111230 IMG_20180628_111448

ԵՊԼՀ-Ն ԱՄՓՈՓՈՒՄ Է ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆ

Նամակ գրել Տպել PDF
diplom

 

Ամփոփվեց 2017-2018 ուսումնական տարին: Տարվա  ընթացքում Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը լուրջ առաջընթաց է գրանցել, և դա վերաբերում է ոչ միայն ներբուհական կրթության որակի վերահսկմանը, այլև` Հայաստանի պետական այլ բուհերի հետ հաստատված կապերին ու համագործակցությանը: Այս ամենի արդյունքում էլ, համալսարանը կարողանում է իր դիրքը պահել պետական բուհական համակարգում: Համալսարանական 4 տարիների ավարտն ազդարարում են ավարտական աշխատանքների պաշտպանություններն ու ավարտական քննությունները: 

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի բակալավրիատն այս տարի ավարտել է 516 ուսանող (125-ը` գերազանցության դիպլոմով), իսկ մագիստրատուրան՝ 164 ուսանող (79-ը` գերազանցության դիպլոմով): ԵՊԼՀ-ը  իր շրջանավարտների մրցունակությունը տեղական և գլոբալ աշխատաշուկայում ապահովելու նպատակով տրամադրում է բարձրորակ կրթական ծառայություններ։ Ժամանակի մարտահրավերներին դիմագրավելու և իր կրթական առաքելությունն արդյունավետ կերպով իրականացնելու համար ԵՊԼՀ-ն մշտապես նորացնում է իր կրթական ծրագրերի տեսականին ու բովանդակությունը: ԵՊԼՀ-ում գործող 4 ֆակուլտետներում կիրառվում են  դասավանդման և ուսուցման արդիական մեթոդներ: ԵՊԼՀ կարևոր առանձնահատկություններից մեկը ուսանողների մասնակցությունն է բուհի կառավարմանը:

Թարգմանության և միջմշակութային հաղորդակցման ֆակուլտետում (ԹՄՀՖ) առկա մասնագիտության կրթական ծրագրերը, բնութագրվելով ժամանակակից կրթական մոտեցումների և ռազմավարությունների հաջող համատեղմամբ, առանձնանում են լեզվական և մշակութային այնպիսի տեղեկատվության փոխանցմամբ, որոնք կարևոր են լեզուն միջլեզվական հաղորդակցության ժամանակ գործածելիս։ Թարգմանչի մասնագիտությունը գործնական ու պահանջարկված է ավանդաբար՝ պայմանավորած տարբեր լեզուներով խոսողների հաղորդակցական կարիքներով, ինչը թույլ է տալիս մեր ուսանողների համար լավ ապագայի տեսլական ունենալ։Այս տարի  Թարգմանության և միջմշակութային հաղորդակցման ֆակուլտետի բակալավրիատն ավարտել է 157 ուսանող (32-ը` գերազանցության դիպլոմով), իսկ մագիստրատուրան՝ 17 ուսանող (11-ը` գերազանցության դիպլոմով): Ռուսաց և օտար լեզուների ֆակուլտետի (ՌՕԼՖ) բակալավրիատն ավարտել է 125 (32-ը` գերազանցության դիպլոմով), իսկ մագիստրատուրան՝ 33 ուսանող (20-ը` գերազանցության դիպլոմով): 

Կրթության և մասնագիտական մանկավարժության ֆակուլտետի (ԿՄՄՖ) բակալավրիատն ավարտել է 99 (24-ը` գերազանցության դիպլոմով), իսկ մագիստրատուրան 49 ուսանող (13-ը` գերազանցության դիպլոմով): Այս Ֆակուլտետն իր հիմնական ուշադրությունը բևեռել է դպրոցի և քոլեջների համար բազմալեզու  (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն) որակյալ ուսուցիչներ, ինչպես նաև կրթության  կառավարման ոլորտի մասնագետներ պատրաստելու վրա:

Սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետում (ՍԳՍՖ) պատրաստում են քաղաքագետներ, եվրոպագետներ, միջազգային հարաբերությունների մասնագետներ, լրագրության, տուրիզմի, սերվիսի,  հանրային հաղորդակցման (PR) մասնագետներ:

Վերոնշյալ ֆակուլտետի  բակալավրիատը այս տարի ավարտել է 135 ուսանող  (37-ը` գերազանցության դիպլոմով), իսկ մագիստրատուրան՝ 65 ուսանող (35-ը` գերազանցության դիպլոմով):

Շնորհավորում ենք մեր շրջանավարտներին, համոզված լինելով, որ նրանք կայուն  գիտելիքներով, հմտություններով  և կարողություններով նոր կյանք են մտնում:

ԵՊԼՀ-ՈՒՄ ԱՎԱՐՏՎԵՑԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ

Նամակ գրել Տպել PDF

Սյունիքից մինչև Տավուշ: Այսպիսի լայն աշխարհագրություն էր ընդգրկում Հայաստանի գրադարանավարների վերապատրաստման ծրագիրը, որն իրականացնում էր Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի գրադարանը: Գրադարանավարների երեք տարբեր խմբեր այս օրերին եռօրյա վերապատրաստում էին անցնում ԵՊԼՀ-ում՝ ձեռք բերելով մասնագիտական, ինչպես նաև տեղեկատվական գրագիտության հմտություններ և ծանոթանալով  գրադարանների նորարարական կառավարման մեթոդներին: Ծրագրի նպատակն էր գրադարանների կառավարման նոր հմտություններ և գիտելիքներ փոխանցել մեր գրադարանավարներին, նպաստել գրադարանային ցանցի զարգացմանը, գրադարանների անձնակազմերի կարողությունների հզորացմանն ու բարեփոխմանը: Ծրագիրը նաև հրաշալի հնարավորություն էր, որպեսզի մարզերի՝ հատկապես սահմանամերձ շրջանների գրադարանավարները, Երևանում մի քանի օր մնալով, շփվեն իրենց գործընկերների հետ, փոխանակեն իրենց գիտելիքներն ու հմտությունները, նաև` ձեռք բերեն ընկերներ:

Սյունիքի մարզի Սալվարդ գյուղի գրադարանավար Մետաքսյա Մեսրոպյանի խոսքով` փոքր գյուղն իր խնդիրներն է առաջացնում գրադարանավարների համար, սակայն իրենք միշտ էլ պատրաստակամ են ավելին սովորել:  Գավառի ավագ դպրոցի գրադարանավար Սուբնիշանյան Մարինեն  էլ փաստեց` շատ է տպավորված դասընթացավարներով և այն գիտելիքը, որ տանում է իր հետ, կհեշտացնի հետագա աշխատանքը և ավելի համակարգված կդարձնի այն:  Ծրագիրը ենթադրում է կառավարման մեթոդներ. ինչպես կարողանալ տարբեր գիտելիքներ, առաջնորդի հմտություններ կիրառելով` գրադարանը դարձնել ավելի գրավիչ, ձեռք բերել ընթերցող, նոր հոսքեր բերել գրադարան:

«Շատ կարևոր խնդիր է այն, որ հայաստանյան գրադարանները տարբեր մակարդակներում են գտնվում` թե՛ շենքային պայմանների, թե՛ պահպանության, թե՛ համալրման խնդիրների առումով: Համայնքային գրադարանների դեպքում, որոնք ենթարկվում են տեղական ինքնակառավարման մարմիններին, և՛ շենքային պայմաններն են վատ վիճակում, և՛ ֆինանսավորումն ու աշխատուժն են բավականին սահմանափակ: Տարիներ շարունակ այդ գրադարաններից շատերը չեն համալրվում նոր գրականությամբ,- նշում է ԵՊԼՀ գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը:

Վանաձորի Մովսես Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոցի գրադարանավար Ռուզաննա Սուքիասյանը, գոհունակություն հայտնելով նման դասընթացի կազմակերպման համար, նշում է, որ տրամադրվող տեղեկատվությունը մանրամասն ու հասանելի է ներկայացվել, իսկ Ներքին Խնձորեսկի համայնքի դպրոցի գրադարանավար Թեհմինե Գրիգորյանը փաստում է, որ դասընթացները շատ հետաքրքիր, ջերմ և ընկերական միջավայրում են մատուցվել:

Արարատի մարզի Ավշար գյուղի դպրոցի գրադարանավար Քրիստինե Սահակյանը նշում է, որ մեծ սպասելիքներով է մասնակցել ծրագրին:Բերդի դպրոցի գրադարանավար Լիլիթ Երկանյանն էլ կարծում է, որ գրադարանավարի աշխատանքը մանկավարժական հմտություններ է պահանջում, քանի որ աշակերտի մեջ գրքի նկատմամբ սեր առաջացնելը մանկավարժի պարտականություններից մեկն է: 

 ԵՊԼՀ գրադարանի էլեկտրոնային տեղեկատվության բաժնի պետ Արևիկ Ավանեսովայի խոսքով`  դասընթացները  գրադարանավարների համար շատ հետաքրքիր էին և նրանք պատրաստակամ են գործնականում կիրառել բոլոր տեսական նյութերը, որոնք տրվում են: «Աշխատում ենք գրադարանավարների  համար հետադարձ կապի հնարավորություն ստեղծել, ինչն էլ կնպաստի ծրագրի շարունակականությանը: Հիմնական խնդիրը, որին բախվել ենք դասընթացների ժամանակ այն է, որ գրադարաններ կան, որոնք տեխինակապես հագեցած չեն, ազգային գրադարանային ցանցին ինտեգրված չեն և գրադարանավարները աշխատանքային միջավայրում բարդություններ են ունենում»,-նշեց Արևիկ Ավանեսովան:

ԵՊԼՀ-ի գրադարանի մատենագետ Արմինե Վարդանյանի խոսքով` Գրադարանավարները բավական պատրաստված էին, պատրաստամ ավելին սովորել, նախաձեռնող, ինչը շատ կարևոր է:

ԵՊԼՀ գրադարանի տնօրեն Աննա Չուլյանի պնդմամբ՝ ոլորտում շատ խնդիրներ կան. «Խնդիրներից մեկն այն է, որ գրադարանավարները համակարգչային հավասարաչափ գիտելիքներ չունեն և դա լրացուցիչ բարդություն էր ստեղծում, սակայն կարևոր է, որ դասընթացավարները մանրակրկիտ կերպով են կատարել իրենց աշխատանքը՝ անհատական մոտեցում ցուցաբերելով ծրագրի յուրաքանչյուր մասնակցի նկատմամբ: Մենք գրադարանավարների համար նաև այնպիսի ձևաչափ ունեցող շտեմարան ենք պատրաստել, որը կիրառելի կլինի ցանկացած տեսակի համակարգչով և ցանկացած միջավայրում: Մեկ այլ խնդիր է նաև դպրոցների տեխնիկական հագեցվածությունը. դպրոցներ կան, որտեղ գրադարանավարները համակարգիչ անգամ չունեն»,- ասաց ԵՊԼՀ գրադարանի տնօրենը:

Հավելենք, որ դասընթացի վերջում գրադարանավարները գնահատել են դասընթացի արդյունավետությունը, ինչպես նաև հնարավորություն են ունեցել հանդես գալ առաջարկներով: 

«Հայաստանի տարբերի մարզերից և Երևանից արդեն 28 գրադարանավար մասնակցել է ծրագրին, ցանկալի է, որ մշտապես թվի աճ գրանցենք: Կարևոր է նաև, որ դպրոցների տնօրենները ևս գիտակցեն, որ գրադարանավարների համար նման վերապատրաստումներն առանցքանին նշանակություն ունեն»,-հավելեց Աննա Չուլյանը: 

FB_IMG_1530080760444 FB_IMG_1530080773204
FB_IMG_1530080805903 FB_IMG_1530080748726

Էջ 5 ... 73-ից

ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ