Ապրիլի 11-ին մեկնարկեց «Կրթություն և կարիերա. էքսպո-2018» միջազգային ցուցահանդեսը, որտեղ առանձին տաղավարով ներկայացված էր նաև ԵՊԼՀ-ն:
«Երևան էքսպո»-ում 60-ից ավելի տաղավարներ կողք կողքի են, յուրաքանչյուրն իր յուրովի ասելիքով:
Ցուցահանդեսը փորձի փոխանակման, սեփական ձեռքբերումների վերագնահատման, մրցունակ և արդիական ծրագրերի ներդրման յուրօրինակ հարթակ է դարձել ուսումնական հաստատությունների, կրթական ծրագրեր իրականացնող միջազգային և տեղական կազմակերպությունների համար:
Արդեն ավանդական դարձած այս ցուցահանդեսն անցկացվում է 18-րդ անգամ: Այն մի հարկի տակ է համախմբել կրթական ծառայություններ մատուցող կազմակերպություններ՝ բուհեր (նաև ռազմական ուղղվածության), կրթահամալիրներ, ուսումնական կենտրոններ, կրթական ոլորտում աշխատող միջազգային կազմակերպություններ՝ բուհ-դիմորդ-աշխատաշուկա եռակողմ կամուրջ ստեղծելու համար:
Ցուցահանդեսին մասնակցում են նաև Ռուսաստանի, Լեհաստանի և Լիտվայի բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները: «Երևան էքսպո»-ի երկու հարկերում տեղակայված տաղավարներում շրջելու և ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցելու էր եկել նաև ՀՀ ԿԳ փոխնախարար Վ. Մկրտչյանը: «Ես կարևորում եմ նմանաբնույթ ցուցահանդեսները, որտեղ հանդիպում են կրթությունն ու բիզնես ոլորտը: Ուսանողն ու գործարարը նույն հարթակում են, ինչը տնտեսության զարգացման նախադրյալներից մեկն է»,- նշեց փոխնախարարը:
«Մեր տաղավարով հետաքրքրվողներն այս տարի ևս մեծաքանակ են, քանի որ այն աչքի է ընկնում մշակութային բազմազանությամբ: Այցելուներին հատկապես գրավում են տաղավարում ԵՊԼՀ-ի արտասահմանցի դասախոսների և ուսանողների ներկայությունը, որոնք ազգային տարազներով ներկայացնում են իրենց մշակույթը և ԵՊԼՀ-ում սովորելու առավելությունները: Բոլոր հետաքրքրվողներին մենք տրամադրում ենք ԵՊԼՀ-ի մասին պատմող տեղեկագրեր, որտեղ ներկայացված տեղեկատվությունը ամբողջական պատկերացում է տալիս մեր համալսարանի մասին»,- նշեց ԵՊԼՀ-ի տաղավարի պատասխանատուն:
Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունից հետո ԵՊԼՀ-ի ներկայացուցիչները մեկ ժամ տևողությամբ բաց դաս իրականացրին՝ ներկայացնելով համալսարանը»:
Տեղեկացնենք, որ կրթական ոլորտում գործող կազմակերպություններին ու նրանց մատուցած ծառայություններին հնարավոր կլինի ծանոթանալ մինչև ապրիլի 13-ը:
 Կարդալ ավելին...
|